Բավ է պառակտվել
14-12-2022 17:01

Ռուսաստանը ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ․ իշխանական պատգամավոր

Ռուսաստանը ուզում է Հայաստանին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ. Այս մասին չորեքշաբթի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանը ուզում է մեզ ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ: Նրանք անհամբեր սպասում են, որ ղարաբաղցիները չդիմանան, նռնակ նետեն, սպասում են, որ անտառների միջով նոր «Լաչինի ճանապարհ» գտնեն: Իմ կարծիքով, Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից: Սա մենք պիտի հասկանանք և ուղղակի մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի հետ և մեր գործընկերների հետ: Ռուսաստանն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ»,- ասաց Խաչատրյանը։

Նա նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակը «պատիժ է» այն բանի համար, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը կիսում է Ռուսաստանի դիրքորոշումը ։

«Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները մինչև ատամները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք՝ մի խաղաղապահ մոտեցա՞վ, ասեր՝ ճանապարհը մի՛ փակեք»,- հարցրեց նա։

Դրանից հետո Խաչատրյանն առաջարկեց դիմել Արևմուտքի օգնությանը։

«Մենք պետք է խնդրենք մեր օտարերկրյա գործընկերներին օգնել մեզ և պահանջել, որ Ռուսաստանը կա՛մ կատարի իր պարտավորությունները, կա՛մ հրաժարվի (պարտավորություններից – խմբ.)»,- ասաց նա։

Նախօրեին Երևանում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքի ժամանակ խորհրդարանի նախկին փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունքն է․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ հայտարարի, որ ինքն է Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասաց Սաղաթելյանը։