Բավ է պառակտվել
19-09-2022 12:28

Ռուսաստանն ու Հայաստանը կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել․ Պուտին

Վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկուշաբթի օրը Երևանում բացված Ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում։
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ այդ ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, իսկ երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։

Ինչպես նշել է Պուտինը, միջտարածաշրջանային համագործակցությունն ավանդաբար եղել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, մարդասիրական և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։

«Համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Պետական ​​իշխանությունների մարմինների, բիզնեսի, ակադեմիական և փորձագիտական ​​շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մտքեր փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշվում է ուղերձում։

Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ներկայացված գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը։