Բավ է պառակտվել
23-02-2016 13:05

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սիրիայում հրադադար հայտարարելու համաձայնության են եկել

Փետրվարի 27-ից, համաձայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայում կառավարական զորքերի և զինյալ խմբավորումների միջև հրադադար է հայտարարվելու, գրոհները ԴԱԻՇ-ի, «Ջեբաթ ան-Նուսրա»-ի և այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական, շարունակվելու են:
Նախ ԱՄՆ պետդեպարտամենտի այնուհետև Կրեմլի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն` հրադադարի պայմանների հետ համաձայն բոլոր կողմերը պետք է պատրաստակամություն հայտնեն հրադադարի պահպանման մասին փետրվարի 26-ին, ժամը 12:00-ից ոչ ուշ: Կողմերը պայմանավորվել են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է գործեն համատեղ, որպեսզի տեղորոշեն այն տարածքները, որոնք վերահսկվում են ԴԱԻՇ-ի, «Ջեբաթ ան-Նուսրա»-ի և այլ խմբավորումների կողմից:

Հայտարարության ընդունման կապակցությամբ երկուշաբթի երեկոյան պաշտոնական ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտնել է իր և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույցի մասին, որի նախաձեռնությունը ռուսական կողմինն էր, բայց «շահագրգռվածությունը, անկասկած, երկկողմանի էր»:

«Զրույցի ընթացքում մենք հավանություն տվեցինք Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես Սիրիային աջակցության միջազգային խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը այդ երկրում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Հայտարարության ընդունմանը նախորդել է ռուսաստանյան և ամերիկյան փորձագետների թիմերի ինտենսիվ աշխատանքը: Ընդ որում օգտագործվել է նաև դրական փորձը, որ ձեռք է բերվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործում փոխգործողության ընթացքում», - ասել է Ռուսաստանի նախագահը իր ուղերձում, որը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը, ըստ Պուտինի, հետևյալն է․ - «Մինչև 2016 թվականի փետրվարի 26-ը Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է մեզ կամ ամերիկացի գործընկերներին հաստատեն իրենց նվիրվածությունը հրադադարին: Ռուսաստանյան և ամերիկյան զինվորականները քարտեզների վրա համատեղ կորոշեն տարածքները, որոնցում գործում են նման խմբավորումները: Նրանց դեմ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի, ռուսաստանյան զինված ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողություններ չեն իրականացվի: Ընդդիմադիրները, իրենց հերթին, կդադարեցնեն մարտական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի և նրանց աջակցող խմբավորումների դեմ»:

Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին և մյուս ահաբեկչական խմբավորումներին, որոնք այդպիսին են ճանաչված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, դրանք, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, «մարտական գործողությունների դադարեցման ռեժիմից լրիվ բացառվում են», և դրանց հետագայում ևս հարվածներ հասցվելու են:

«Համոզված եմ, որ ամերիկյան կողմի հետ համաձայնեցված համատեղ գործողություններն ունակ են արմատապես շրջել ճգնաժամային իրավիճակը Սիրիայում: Վերջապես ի հայտ է եկել բազմամյա արյունահեղությանը և բռնությանը վերջ դնելու իրական հնարավորություն: Իսկ գլխավորն այն է, որ ստեղծվում են պայմաններ Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական երկխոսության միջոցով իրական քաղաքական գործընթացի մեկնարկի համար», - հայտարարել է Պուտինը:

Ռուս-ամերիկյան այս համաձայնությունը, Ռուսաստանի նախագահի համոզմամբ, կարող է դառնալ «ահաբեկչության վտանգի դեմ համաշխարհային հանրության՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի սկզբունքների վրա հիմնվող պատասխանատու գործողությունների օրինակ»: