Բավ է պառակտվել
28-11-2020 00:40

«Ղարաբաղյան հարցով Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ»․ Զախարովա

Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանը, այն տարվում է տարբեր ուղղություններով՝ դրանք և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ​​շփումներ են, և՛ շփումներ են մեր զինված ուժերի միջև: Իհարկե, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, ովքեր պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում», - ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռուս խաղաղապահները շարունակում են բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար, ականազերծում ու անհետ կորածների որոնում իրականացնել։
«Շաբաթվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում շարունակել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորախմբի հանդեպ սադրանքներ չեն արձանագրվել», - ասել է Զախարովան, ավելացնելով, որ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության իրականացումն ընթանում է առանց լուրջ միջադեպերի։
Նրա խոսքով՝ նշված դրական միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հաստատած ուղին ճիշտ էր ու այս պահին այն գործնականում իրագործվում է կողմերի կողմից։
Աշխատում է նաև հումանիտար արձագանքման կենտրոնը։ Դրա աշխատանքին մասնակցելու են տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ ու գործակալություններ, ինչպես  նաև Հայաստանի ու Ադրբեջանի պրոֆիլային նախարարությունները։