Բավ է պառակտվել
15-03-2021 15:49

Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը հիշեցրեց Պուտինի ելույթը Երևանում

Ըստ ռուսաստանյան քաղաքական գործչի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը պետք է առերեսվի ճշմարտության հետ:

Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը հաշվի է առնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական հիշողությունը: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած «Ցեղասպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով կոնֆերանսին։

Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը` բոլշևիկների և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ:

AtժժԶատուլինը հիշեցրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբունքային դիրքորոշումը հայ ժողովրդի պատմական հիշողության հարցում: 2015-ի ապրիլի 24-ին Ռուսաստանի պետության ղեկավարը ելույթ ունեցավ Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ նա հստակ ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը:

«Ես հիշում եմ, թե այդ ժամանակ որքան էին հորդորում․ չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն ՌԴ նախագահը նախընտրեց գնալ և ասել իրականությունը: Հիմա էլ, ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ, իր մեկնաբանություններում Պուտինը բացատրեց, ինչու էր դեմ ղարաբաղյան հակամարտության գոտի թուրք խաղաղապահներ ուղարկելուն։ Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն արժանի է ամենայն աջակցության», - ասաց Զատուլինը:

Նա կարծում է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայի կողմից հնչող քաղցր ելույթներով: Պետք է առերեսվել ճշմարտության հետ և թույլ չտալ, որ քեզ «գցեն»:

Ռուսաստանցի պատգամավորի կարծիքով, Ցեղասպանության թեման առաջացնում է ոչ միայն պատմական մեղքի ու ապաշխարության խնդիր, այլև մի խնդիր, որն անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին: Բանն այն է, որ այժմ աշխարհում կան շատ շահարկումներ և ցանկություններ` «ցեղասպանություն» բառը վերագրելու ցանկացած հանցագործության, ակտի որը տեղի է ունենում ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններում:

«Մենք լսել ենք այսպես կոչված «Գոլոդոմորի» մասին, մենք լսել ենք Խոջալուի մասին Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների ժամանակ: Բայց ցեղասպանությունն ունի համակարգային սահմանումներ: Դրանք փաստաթղթավորված գործողություններ են, ամբողջ ժողովրդի ոչնչացման վերաբերյալ որոշումներ: Նման բան «Գոլոդոմորի» կամ Խոջալուի դեպքում չի եղել», - ասաց Զատուլինը:

Քաղաքական գործիչն ասաց, որ ինքն այսօր ամենևին կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատել պատմական անցյալը: Վերլուծելով նույն Մոսկվայի պայմանագիրը և հետագա «սիրախաղը» այն ժամանակվա Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերություններում, որը տևեց մինչև Աթաթուրքի մահը, Զատուլինը նշեց, որ դա չխանգարեց Թուրքիային հետագայում մշակել ԽՍՀՄ վրա հարձակման ծրագրեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։