Բավ է պառակտվել
17-07-2017 13:50

ՌԴ-ն փորձում է կազմակերպել ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Նշվում է հավանական ժամկետը

Ռուսաստանը փորձում է մինչ տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Ռուսաստանն այս հարցում դարձել է գլխավոր համանախագահողը, քանի որ Երևանի և Բաքվի ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ-ին և Ֆրանսիային) ջանքերը հաջողություն չեն գրանցել: Այդ մասին «Իզվեստիային» հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ էր վարել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Հենց այդտեղ էր առաջարկվել նաև կազմակերպել անդրկովկասյան երկու Հանրապետությունների ղեկավարների հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը քաջ ծանոթ ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպմամբ զբաղվում է Մոսկվան:
«Դրանում մասնակցում ենք միայն մենք: Ֆրանսիացիները փորձում էին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Երևանին և Բաքվին, բայց դա որևէ օգուտ չբերեց: Այդուհանդերձ, երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չծավալվեց: Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականներն առաջվա պես տարբեր են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա»հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել մի քանի շաբաթ առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևանում գտնվելու ընթացքում: Սակայն, նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը «նման հանդիպումներից առանձնապես սպասումներ չունի, քանի որ դրանք պետք է նախապատրաստվեն, ինչն էլ ենթադրում է համապատասխան դիրքորոշում կոնկրետ հարցերի շուրջ: Իսկ այդ աշխատանքը չի կատարվում»,- ասել է ՀՀ նախագահը:
«Իզվեստիան» գրում է, որ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը գտնում է, որ վերևների հանդիպումը հիմա արդիական է՝ ինչպես երբեք:
« Այն ոչ թե պարզապես պետք է , այլ անհրաժեշտություն է: Պետք չի վազվզել տարբեր ֆորմատներով և հարթակներով, կոնսուլտացիաներ անել տարածաշրջանից 10 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկրների հետ: Հարևանները պետք է պայմանավորվեն: Եվ այդ տեսանկյունից հարկավոր է ուժեղացնել Մոսկվայի հետ համակարգումը: Այդ պատճառով ես ողջունում եմ նման հանդիպման հավանականությունը: Ամեն ինչ հնարավոր չի լինի համաձայնեցնել, բայց դա դրական տեղաշարժ կտա: Ես կողմ եմ հանդես գալիս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը, որքան հնարավոր է շուտ: Դա նախ և առաջ այդ երկրներին է անհրաժեշտ»,- ասել է նա:
Հուլիսի 11-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի և հայ գործընկերների՝ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել Ավստրիական Մաուերբախում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նիստի շրջանակներում:
Հայաստանի ԱԳՆ-ում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, և ընդգծել են բանակցային գործընթացի կարևորությունը: Այդ մասին «Իզվեստիային» հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը:
« Հայաստանը երբեք հանդիպումներից և բանակցություններից չի հրաժարվել, քանի որ բանակցությունները կարգավորմանը տանող միակ ճանապարհն են: Հարկ է նշել, որ հենց Ռուսաստանի ջանքերի, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ 23 տարի առաջ հաջողվեց հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը: Համանախագահները՝ Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ, պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով հարյուր հանդիպում են կազմակերպել»,-ասել է Տիգրան Բալայանը:
Ադրբեջանում ևս երկու երկրների նախագահների հանդիպման համար անհաղթահարելի խոչնդոտ չեն տեսնում: Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ Նազիմ Ասիմ Մոլազադեն «Իզվեստիային» ասել է, որ բանակցությունները կկայանան, եթե հստակ ձևակերպվի դրանց օրակարգը:
«Եթե քննարկելու բան լինի, ապա նախագահների հանդիպումը կկայանա: Բայց ես դրանից մեծ արդյունքներ չէի ակնկալի: Բոլոր բանակցությունները դեռևս ավարտվում են ոչինչով: Եթե չբանակցվեն ստատուս-քվոյի փոփոխության և Ղարաբաղից զորքերի դուրս բերման հարցերը, ապա խոսակցությունն անիմաստ կլինի: Հարկավոր է Ռուսաստանին ավելի ակտիվ կցել բանակցություններին»,- կարծում է ադրբեջանցի խորհրդարանականը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: