Բավ է պառակտվել
27-01-2022 16:32

Ռուսաստանը ծրագրում է մասնագիտացված շփումներ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցի շուրջ․ ԱԳՆ

Ռուսաստանը ծրագրում է մասնագիտացված շփումներ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցի շուրջ, հայտարարել է հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

«Ռուսաստանը սերտորեն համագործակցում է գործընկերների հետ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված առաջնորդների հայտարարությունն իրագործելու հարցում, որը ենթադրում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման հանձնաժողովի ստեղծում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ասել է նա։ .

Զայցևն ընդգծել է, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանագծման գործընթացի մեկնարկը կկանխի սահմանային միջադեպերը և կարևոր ներդրում կունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Մենք ծրագրում ենք մասնագիտացված շփումներ անցկացնել, որոնց արդյունքները պատշաճ կերպով կտեղեկացվեն ԶԼՄ-ներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Սոչիում և Բրյուսելում կայացած հանդիպումները

Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի հետ, իսկ դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրույց ունեցան Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդինախագահ Չարլզ Միշելի հրավերով։

Սոչիում և Բրյուսելում կայացած բանակցությունների առանցքային թեմաներն էին տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։ Նշվել է, որ երկաթուղին կգործի միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային նորմերին համապատասխան՝ երկրների ինքնիշխանության և իրավասության մեջ փոխադարձության սկզբունքով։