Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Շատ բան է արվում, որպեսզի այդ հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն և հարմարվեն նոր իրողությանը և նոր աշխարհին: Դա շատ բարդ է, և երկու կողմից պահանջում է մեծ համբերություն, համառություն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել»,- ասել է նա։
Կոպիրկինը նշել է, որ խնդիրներ կան, չէին կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով։
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի՞ արագացնելու Հայաստանին օգնության մասին փաստաթղթի վերջնական մշակման գործընթացը, որը չստորագրվեց ՀԱՊԿ գագաթնաժողովում, դեսպանն ընդգծել է, որ այդ աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: