Բավ է պառակտվել
20-01-2016 11:38

Ռուսաստանը կշարունակի Հայաստանին ժամանակակից սպառազինություն մատակարարել

Երեւանում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը։ Այն մեկնարկել է հունվարի 18-ին եւ կտեւի մինչեւ հունվարի 21-ը։ Նիստն ընթանում է հայկական եւ ռուսական զորամասերի հրամանատարների՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի եւ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության փոխնախագահ Կոնստանտին Բիրյուլինի ղեկավարությամբ։ Նիստին նաեւ ներկա է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը նշել է, որ ուշադիր հետեւում է հանձնաժողովի աշխատանքներին եւ արձանագրել է դրական դինամիկա։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է երկու երկրների պաշտպանունակության բարձրացմանը, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։ Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունները անվտանգության եւ տնտեսության միասնական տարածքում են գտնվում։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին համագործակցության եւ ներքին գներով սպառազինություն մատակարարելու համար, ինչը ՀԱՊԿ ընդհանուր սահմանից հեռու գտնվող Հայաստանի համար զսպման մեխանիմզների հիմք է հանդիսանում։ Իր հերթին Կոնստանտին Բիրյուլինը նշել է համագործակցության բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին մի շարք կարեւոր հարցեր են լուծվել։ Գործակալության փոխնախագահը նշել է, որ իրավական բազայի կատարելագործումը թույլ կտա իրականացնել հայ եւ ռուս գործարարների ինտեգրացիայի հերթական փուլը։ Նիստի ընթացքում պլանավորվում է քննարկել նախորդ նիստի որոշումների իրականացմանը վերաբերող հարցերը, երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրական բազայի կատարելագործումը, ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ ստեղծելու մասին համաձայնագրին Հայաստանի միանալու, մտավոր սեփականության պաշտպանության եւ Հայաստանում «ԿԱՄԱԶ»-ի վերանորոգման եւ սպասարկման լիցենզավորված կենտրոն ստեղծելու, պահեստամասերի մատակարարման, Հայաստանում ռուսական արտադրության ՀՕՊ միջոցների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման բազմաֆունկցիոնալ կենտրոն ստեղծելու, Հայաստանում ռուսական արտադրության ուղղաթիռների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման տարածաշրջանային կենտրոն ստեղծելու եւ 2013թ. ին կնքած Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարելու: Բացի այդ, կողմերը կքննարկեն ՌԴ ՊՆ-ի կողմից երեք հատ «ԻԼ - 76» օդանավ մատակարարելու հնարավորությունը։ Այս պահին այդ հնարավորությունը չկա, սակայն կառաջարկվի քննարկել առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով օդանավերի մատակարարման հնարավորությունը։ Նիստում կքննարկվի զրահատանկային, հրթիռա-հրետանային եւ այլ սպառազինությունների մատակարարման հարցերին։ Քննարկվելու է նաեւ սահմանային հսկողության միջոցների, զրահատանկային եւ ինժեներատեխնիկական միջոցների արդիականացման եւ վերազինման, «ՍՈւ-30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչների մատակարարման հարցը։ Հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2016թ. երրորդ եռամսյակում ՌԴ-ում։