Բավ է պառակտվել
09-12-2021 21:51

Զախարովան՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների, հաղորդակցությունների ապաշրջափակման և սամանագծման մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել է Ադրբեջանի Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։

«Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորմանն ուղղված հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Ե՛վ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում մենք աշխատում ենք դրանց հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ինչպես և համաձայնեցվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, կարևոր է Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ:

«Ակնկալում ենք նաև հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում։ Շարունակվում են նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա։

Ավելի մանրամասն տեղեկությունների համար Զախարովան խորհուրդ է տվել դիմել Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների և Հայաստանի վարչապետի աշխատակազմի մամլո ծառայություններին։
«Սոչիի պայմանավորվածությունների կատարման հարցը քննարկվել է դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Զախարովան։