Բավ է պառակտվել
27-03-2023 18:38

Ռուսաստանը բացարձակապես անընդունելի է համարել ՄՔԴ Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը․ ՌԴ ԱԳՆ -ի աղբյուր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բացարձակապես անընդունելի է համարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը՝ Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության որոշման ֆոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին։

«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը պաշտոնական Երևանի միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն ոչինչ չարժեցող «օրդերների» ֆոնին»,- ասել է աղբյուրը:
Նա մանրամասնել է, որ Մոսկվան նախազգուշացրել է Երևանին նման որոշման ծայրահեղ բացասական հետևանքների մասին։
ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության սահմանադրականության մասին
Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությամբ Հայաստանի պարտավորությունները ճանաչեց երկրի Հիմնական օրենքին համապատասխան։
Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին Հռոմի ստատուտի սահմանադրականությունը ստուգելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Երևանը նշել է, որ այս փաստաթղթի վավերացումը թույլ կտա ՄՔԴ-ում վարույթ հարուցել Ադրբեջանի դեմ (Արցախում և Հայաստանում ռազմական հանցագործությունների համար - խմբ.):
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը ճանաչեց պայմանագրի պարտավորությունները հակասող այն ժամանակ գործող Սահմանադրության մի շարք դրույթների։