Բավ է պառակտվել
11-06-2016 10:48

Ռուսաստանը զարմացած է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից

Մոսկվան զարմացած է, որ Երևանում տեղադրվել է Վերմախտի «հայկական լեգիոնի» ստեղծողներից մեկի` գեներալ Գարեգին Նժդեհի արձանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչպես ենք մենք վերաբերվում Հայրենական պատերազմին։ Բոլորը նաև շատ լավ գիտեն մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության ցանկացած դրսևորումների հերոսացման, վերածննդի ցանկացած ձևերի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղերում։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է նման արձան տեղադրվել, չէ՞ որ մենք բոլորս գիտենք Հայրենական պատերազմի տարիներին հայ ժողովրդի սխրագործությունների մասին», – ասել է նա:

Գարեգին Նժդեհի «ցեղակրոն» ուսմունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր հայի համար բարձրագույն արժեք պետք է լինի սեփական ծագումը, ընտանիքն ու ավանդույթները։ Ցեղակրոնի գլխավոր նպատակն է համախմբել հայ ժողովրդին պատմական հայրենիքի ողջ տարածքում` միասնական պետության շրջանակում։ Նժդեհի գաղափարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ի գաղափարախոսական պլատֆորմի հիմքն են։

Զախարովան ավելացրել է, որ Մոսկվայի համար «Հայրենական պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանման հարցի շուրջ Երևանի պաշտոնական դիրքորոշման հիմնական ինդիկատորը մայիսի 9–ի տոնի նկատմամբ վերաբերմունքն է, որը մեր բոլորի Հաղթանակի օրն է»։

«Հայաստանը ՄԱԿ–ի ԳՎ–ի ավանդական բանաձևի համահեղինակներից է, որը կոչվում է «Նացիզմի, նեոնացիզմի և նման երևույթների դեմ պայքար, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության սրմանը»», – նշել է նա: