Բավ է պառակտվել
29-09-2022 17:14

Մոսկվան մի շարք արտատարածաշրջանային խաղացողների՝ Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու փորձեր է տեսնում․ Զախարովա

Ռուսաստանը մի շարք արտատարածաշրջանային խաղացողների՝ Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու փորձեր է տեսնում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց աջակցությունն էին առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի դեէսկալացիայի համար։

«Մենք տեսնում ենք մի տարածաշրջանում, որը նոր-նոր է ձգձգված ճգնաժամից իրավական հունով ձևակերպված դուրս գալու շանս ստացել անկայունություն մտցնելու կամ Ուկրաինայի անկայունության իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատված, մասնավորապես` Հարավային Կովկաս, տեղափոխելու արտատարածաշրջանային խաղացողների փորձերը»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար, համապատասխան քայլեր են արվում նաև ՀԱՊԿ-ի միջոցով։

«Անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմը և բոլոր ուժերի վերադարձն իրենց սկզբնական դիրքեր»,-ասել է Զախարովան։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 1 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։