Բավ է պառակտվել
25-03-2022 11:42

Ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Արցախում ադրբեջանական ԶՈւ անհապաղ վերադարձը ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ շարունակվող ներխուժման վերաբերյալ։

«Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է», - նշվում է հայտարարությունում։

ԱԳՆ-ն նշել է, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր», - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ինչպես մարտի 25-ին հայտնել է Արցախի ՊՆ-ն, ռուսական խաղաղապահ զորամիավորման և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։