Բավ է պառակտվել
01-08-2022 14:08

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին մուտք գործել Արցախ

Հայ քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողացել մուտք գործել Արցախ. արգելել են ռուս խաղաղապահները։

«Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության օգոստոսի 1-ին տարածած հայտարարության մեջ։
Հաղորդագրությունում նշվում է, որ ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:
«Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը»,- կարծում են կուսակցությունում։