Բավ է պառակտվել
06-10-2021 12:12

Ռուս փորձագետը գնահատել է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության հավանականությունը

Ադրբեջանի և Իրանի դիմակայությունը չի հանգեցնի զինված հակամարտության, Թեհրանի ճնշումը հոգեբանական հարձակում է: Այս կարծիքը երեքշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը:

«Չեմ կարծում, որ Իրանի և Ադրբեջանի միջև առճակատումը կարող է թեժ փուլ հասնել: Սա հոգեբանական հարձակում է Թեհրանի կողմից», - ասել է Սաժինը: «Դա չի բերի մեծ պատերազմի, որովհետև Թեհրանում բոլորը հասկանում են, որ պատերազմը չի լինի միայն Ադրբեջանի հետ, կմիանա Թուրքիան։ Իսկ Թեհրանն ակնհայտորեն չի ցանկանում կռվել Անկարայի հետ: Այդ իսկ պատճառով նման լարվածություն կա»:

Բացի այդ, վերլուծաբանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Բաքուն շատ լավ հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, ինչը նույնպեսկստիպի Թեհրանին ձեռնպահ մնալ հակամարտության սրումից:

Փորձագետը միաժամանակ հիշեցրեց, որ վերջերս Իրանմ Ադրբեջանի հետ սահմանի մոտ զորավարժություններ է անցկացրել, որոնք աննախադեպ էին իրենց մասշտաբով և անցկացման վայրով: Նա նաև նշեց, որ երեքշաբթի սկսվել են թուրք-ադրբեջանական ռազմական զորավարժություններն: «Այսօր սկսված ադրբեջանա-թուրքական զորավարժությունները շուտով կավարտվեն: Թուրքիան և Ադրբեջանը ցույց տվեցին, որ իրենք նույնպես պատրաստ են ամեն ինչի: Իրանը նույնպես ցուցադրեց: Սրանով ամեն ինչ կավարտվի»,-նշեց գործակալության զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, Բաքվի և Թեհրանի հարաբերությունները կմնան լարված, քանի որ տարածաշրջանում ձևավորվող ռազմավարական իրավիճակը Իրանին չի բավարարում: Ըստ փորձագետի, Իրանին մտահոգում է ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հզորացումը և Անդրկովկասում սեփական ազդեցության անկումը:

«Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են ստեղծել Զանգեզուրի միջանցք, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ: Նախատեսվում է այնտեղ ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղի կառուցել` Զանգեզուրի այս միջանցքով ուղիղ ճանապարհ ապահովելու Թուրքիայից Նախիջևանով դեպի Ադրբեջան, այնուհետև Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, որոնք գրեթե բոլորը թյուրքախոս են»,-ասաց Սաժինը:«Այսինքն, սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մեծ Թուրան ստեղծելու հայտ է: Սա շատ է անհանգստացնում Իրանին և նրանք [իրանցիները] ակնհայտորեն դժգոհ են դրանից, քանի որ նրանց ազդեցությունը Հարավային Կովկասում ակնհայտորեն թուլանում է: Դա նարնց չի բավարարում»:

Բացի այդ, իրանական կողմի դժգոհությունն է առաջացնում Ադրբեջանի և Իրանի վաղեմի թշնամի Իսրայելի միջև կապերի ամրապնդումը: Մասնագետը հիշեցրեց, որ Ադրբեջանն ու Իսրայելը ակտիվորեն զարգացնում են տնտեսական և քաղաքական հարաբերությունները, Բաքուն գնում է իսրայելական ռազմական տեխնիկա: