Բավ է պառակտվել
30-06-2014 13:59

Ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու. թուրքագետ

Անդրադառնալով օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որտեղ առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու իր երկրի ղեկավարին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ռուբեն Մելքոնյանը նշեց, թե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նախագահ է ընտրվելու վարչապետ Էրդողանը: «Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել, ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու, պետք է փոխվի երկրի գաղափարախոսությունը»,-ասաց փորձագետն ու հավելեց, որ եթե նույնիսկ Բան Կի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, էլի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու:
Խոսելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարության մասին, ապա Մելքոնյանն ասաց, որ Դավութօղլուն մինչև քաղաքական գործիչ լինելը տեսաբան է, տեսություններ է առաջարկում, որոնք տապալվում են, ինչպես օրինակ՝ «Զրո խնդիր հարևանների հետ»:
Հիշեցնենք, որ Դավութօղղլուն ասել է, թե Անկարայի և Երևանի հարաբերություններում «նոր դարաշրջան» կսկսվի, եթե Հայկական սփյուռքը որոշի այնպիսի քայլեր ձեռնարկել, ինչպիսին էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլյան ցավակցական ուղերձը։
«Նպատակը բազմավեկտոր է, առաջին խոսքը, որով խոսակցին դիմում է Թուրքիան, Հայաստանն է, սփյուռքը։ Բայց այս համատեքստում միջազգային հանրությանն ու գերտերություններին չի կարելի անտեսել, ու մեսիջները նաև նրանց են ուղղված»,-նշեց թուրքագետն ու ավելացրեց, թե ինքը հուսով է, որ միջազգային հանրությունն այս ամենին մեծ վերապահությամբ կվերաբերվի: