Բավ է պառակտվել
15-10-2020 17:48

Ռուսաստանը կտրուկ մերժել է սիրիական մոդելի համաձայն ղարաբաղյան խնդիրը լուծելու Թուրքիայի առաջարկը

Թեև Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հերքել, թե Արցախում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի ԶՈւ–ն և վարձկան ահաբեկիչները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երկրները` տարբեր պաշտոնյաների մակարդակներով, արդեն հաստատել են այս փաստն իրենց հայտարարություններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

 Վարչապետի խորհրդականը հիշեցրեց միջազգային հանրության արձագանքը․ «Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ այո, կան վարձկաններ Ղարաբաղի գոտում, Ռուսաստանի նախագահը ևս մտավախություն հայտնեց այս մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս հայտնել է նման մտավախություն, նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց Ադրբեջանին վարձկաններով ապահովելու մեջ»։

Վարչապետի խորհրդականն ասաց, որ Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ 1992-94 թվականներին՝ ցույց տալով փաստաթուղթ, որը ստորագրել է Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը: Ըստ այդ փաստաթղթի՝  520 հոգի ներգրավվել են մարտական գործողություններին:

«Վարձկանների ներգրավումը սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի,  այլև ողջ տարածաշրջանի պետությունների համար»,- ասաց Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի ագրեսիան Արցախի դեմ նախապատրաստվել է Թուրքիայում, իսկ Անկարայի գործողությունները մի քանի նպատակ են հետապնդում: 

«Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռակողմ դաշինքի նպատակը պաշտպանության ճեղքումն էր մի քանի ուղղություններով: Հարավից նրանք փորձում էին կտրել Իրանի սահմանը եւ հասնել Մեղրի` կապվելով Նախիջեւանի հետ: Հյուսիսում փորձում էին մոտենալ Ստեփանակերտին եւ Քարվաճառին, կտրել Լաչինի ճանապարհը եւ շրջափակել Արցախը: «Սակայն նրանք ոչ միայն չկարողացան հասնել վերջնական նպատակին, այլ նույնիսկ չկարողացան հասնել առաջին օրը դրված նպատակին: Պետք է հասկանալ, որ պատերազմը նախապատրաստվել է Թուրքիայում եւ նեոօսմանիզմի նպատակներ է հետապնդում: Թուրքիան լուծում է իր սեփական խնդիրները: Դրանցից մեկն Ադրբեջանին կուլ տալն է: «Մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւը պետք է վերաձեւակերպել որպես «մեկ ազգ` մեկ պետություն»:

Մյուս կողմից, Թուրքիան փորձում է բարձրացնել իր սեփական դերը եւ հիմնական գործոն դառնալ ՄԽ շրջանակներում: Այդ մասին է վկայում նաև Ռուսաստանին սիրիական տարբերակ առաջարկելու փորձը Ղարաբաղում. Անկարան առաջարկել է Մոսկվային հարցը լուծել Իդլիբի մոդելի համաձայն `այն բաժանել վերահսկողության գոտիների, բայց Ռուսաստանը վճռականորեն մերժեց այս առաջարկը:

Անդրադառնալով հոկտեմբերին 10-ին կնքված հումանիտար հրադադարին Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը միշտ ինքն է դիմել զինադադար հաստատելու հարցով։ «Այդպես է եղել 1992թ–ին, այդպես է եղել 1993–ի, 1994թ–ին` երկու անգամ` փետրվարի 18-ին ու մայիսի 16-ին։ Ինքը դիմում է, և երբ էր մենք գնում ստորագրում ենք այդ զինադադարի պայմանագրերը, դրանից հետո Ադրբեջանը կոպիտ ձևով խախտում է դրանք։ Նույնը տեղի ունեցավ հիմա»։

Հարությունյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը շփման գծում զինադադարի խախտումներ է թույլ տվել 2015, 2016թթ–ին, 2020թ–ի հուլիսին։

«Պետական այրերը ասում են, որ հոգնել են ու իրենց վրա վերցնում են պարտավորություններ, որոնք պետք է իրականացվեն միջազգային մակարդակով։ Մենք գործ ունենք մի պետության հետ, որը պատասխանատու չէ իր պարտավորությունների համար ու այդքանից հետո երաշխիքներ է փորձում տալ Ղարաբաղի բնակչությանը»,– ասաց նախկին նախարարը։

Արմինե Գևորգյան