Բավ է պառակտվել
02-12-2019 21:29

Ռուստամ Բադասյանը անրադարձավ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելուն

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվում է արդարադատության նախարարության բերած Սահմանդրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծը, որն ընկալվել էր որպես ՍԴ անդամներին «կաշառելու» նախագիծ։
Հիմնական ընդդիմախոս Գևորգ Պետրոսյանի հարցերը շատ էին , նա մասնավորապես անդրադարձավ այն ձևակերպմանը, որ ՍԴ քաղաքական մարմին է։
«Նախ ձեր պաշտպանյալ Վահե Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի ընտրությունը քաղաքական ընտրություն ա։ Ձեր կարծիքով՝ մենք հիշողություն չունե՞նք, թե՞ հավի հիշողություն ունենք։ Առաջին փոխվարչապետի մակարդակով ա ասվել, որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական իմաստ ունի։ Էս ո՞ւմ եք եկել, ինչ եք ասում։ Եվ հետո, էդքան որ ասում եք՝ ամենայն հարգանքով դատավորների հանդեպ, բա որ էդքան հարգանք ունեիք դատավորների հանդեպ՝ անձամբ հենց Դուք, բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը։ Ու էստեղ աճպարարության տեղ չի»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ ժողովրդի գրպանի հաշվին իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելը, մեղմ ասած, անկեղծ չէ։
«Իշխանությունը սրանով չի լուծում ժողովրդի կամքը, իշխանությունը լուծում է իր քաղաքական խնդիրները։ Եթե այս գործընթացն անձնավորված չէ, ինչո՞ւ այն չեք սկսում ամբողջ դատական համակարգից», - հետաքրրքվեց պատգամավորը։
Նիստին ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը հորդորում է վաղ կենսաթոշակի ուղարկելու գործիքակազմը կիրառել հնարավորինս նեղ շրջանակի, ոչ թե ամբողջ դատական համակարգի նկատմամբ։

Ինչ վերաբերում է ժողովրդի գրպանի հաշվին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելուն, Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ այստեղ ոչ ոք ոչ ոքի լավություն չի անում, սա ուղղակի պատվով հեռանալու գործընթաց է։

 

Արմինե Գևորգյան