Բավ է պառակտվել
04-09-2020 13:22

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում արտակարգ իրավիճակից հետո կարանտին կհայտարարվի.

ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում առկա արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո հայտարարել կարանտին:

Ազգային ժողովի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում ասաց  Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը:
«Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որով, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, հնարավոր է պայքարել համավարակի դեմ: Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունն, այո՝ մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,- ասաց Գրիգորյանը:
Փոխնախարարը վստահեցրեց,որ կարանտինը արտակարգ դրության ռեժիմից էապես տարբերվում է։
Ըստ փոխնախարարի՝ վարակիչ հիվանդություններ Հայաստանի տարածք ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և Կառավարության կողմից՝ տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Ըստ Գրիգորյանի՝ այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի կիրառել նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Գրիգորյանը պարզաբանեց, որ արտակարգ դրությունը կարանտինային նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ:

Բացի դրանից՝ նախատեսված է, որ այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, իսկ մինչև հիմա հավաքված տվյալները կոչնչացվեն:

Ըստ փոխնախարարի՝ չեն գործի տնտեսական գործունեության արգելման դեպքերը, բացառությամբ եթե կոնկրետ տնտեսվարողի տարածքը հանդիսանա վարակի աղբյուր, հնարավոր է՝ այնտեղ ևս կարանտին սահմանվի:

Հիշեցնենք` մարտի 16–ից  Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։