Բավ է պառակտվել
12-01-2021 23:37

Հայկական կողմից Մհեր Գրիգորյանը կգլխավորի Ադրբեջանի և ՌԴ-ի հետ ստեղծվող աշխատանքային խումբը

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։

Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Նախօրեին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ

հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:

Արմինե Գևորգյան