Բավ է պառակտվել
17-05-2022 22:33

Սաղաթելյանը հայտարարեց չորեքշաբթի Երևանում բողոքի ցույցերի օրակարգի մասին,կոչ անելով կրկնապատկել անհնազանդության ակցիաների ծավալը

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեքշաբթի ուշ երեկոյան ավարտված հանրահավաքում Դիմադրության շարժման անդամներին կոչ արեց ընդլայնել անհնազանդության գործողությունների մասշտաբները։

«Վաղը նոր ուժով, ավելի կազմակերպված, առավոտյան ժամը 8:00-ից պետք է դուրս գալ փողոց։ Այսօր 60 խումբ է եղել, վաղը պետք է լինի 100, դուրս եկեք փողոց, դուք մեզ պետք եք ոչ թե վեցից հետո, այլ առավոտյան ութից։ Ես չգիտեմ, թե այսօր քանի հոգի է մասնակցել երթին, բայց գիտեմ, որ եթե երկու օր անընդմեջ առավոտյան ժամը 8-ից նույնքան մարդ դուրս գա փողոց՝ հարցը կլուծվի»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ հասկանում է, թե ֆիզիկապես որքան դժվար է վաղ առավոտից մինչև ուշ գիշեր փողոցում լինելը, այնուամենայնիվ, չորեքշաբթի առավոտյան ժամը 8-ից բոլորին` մեծից ու փոքր, կոչ արեց անհնազանդության ակցիաներ սկսել։

«Մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն ընդգրկված են խմբերում, թող լինեն իրենց հասցեներում, իսկ ովքեր ներգրավված չեն՝ մոտենան մեր պատգամավորներին, կապ հաստատեն ու միանան։ Մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր կուշանան՝ եկեք ժամը 8-ին Ֆրանսիայի հրապարակ․ մենք խմբեր կկազմենք և կշարժվենք տարբեր ուղղություններով։ Պետք է կաթվածահար անենք ողջ երթևեկությունը, անհրաժեշտության դեպքում կշրջափակենք կառավարության շենքերը, մետրոն։ Որքան շատ լինենք, այնքան ծավալուն կլինեն մեր գործողությունները: Դժվարություններն անցողիկ են, մեր տղաներն իրենց կյանքը տվեցին մեր երկրի համար, մեզանից շատերն այսօր կալանքի տակ են, այնպես որ նահանջել չկա, հոգնել չկա մինչև վերջ, մինչև հաղթանակ»,- շեշտեց նա։

Երեքշաբթի առավոտից Երևանում վերսկսվեցին Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստներն ու նրանց աջակցող քաղաքացիները փակեցին մի շարք խոշոր փողոցներ, այդ թվում՝ կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա, Աբովյան, Սարյան և Ալեք Մանուկյան փողոցները, Իսահակյան-Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան, ինչպես նաև փողոցներ քաղաքի հյուսիսում, Հարավ-արևմտյան զանգվածում, Շենգավիթում, Քանաքեռ-Զեյթունում և այլ շրջաններում:

Հայաստանի ոստիկանությունը երեքշաբթի բերման է ենթարկել աննախադեպ թվով ընդդիմադիր ակտիվիստների, ովքեր փակել են փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 417 մարդ։

Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք և երթ Երևանի կենտրոնով։ Դրա մասնակիցները կանգ առան կառավարական առանձնատան, ինչպես նաև Հանրապետության հրապարակում կառավարության շենքի մոտ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անփոփոխ պահանջով։