Բավ է պառակտվել
25-11-2014 14:44

Գալուստ Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով: Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը: «Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- նշել է Գալուստ Սահակյանը: Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»: Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվելու համար: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից: Կլոդ Բարտոլոնը վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին: Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովին: