Բավ է պառակտվել
24-09-2019 14:02

Սահմանադրական դատարանը երկու դժբախտություն ունի ․Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։

Այն հանձնաժողովին ներկայացնում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Վերջինս սկսեց թվարկել բոլոր այն հիմքերի որունց դեպքում լիազորությունները պետք է դադարեցվեն։ Օրինակ հիմքերից մեկով Հրայր Թովմասյանը մեծ կապեր է ունեցել ՀՀԿ –ի հետ,մյուսը Հրայր Թովմասյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի՝ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են։ Գրիգորյանի խոսքով` այդ հարաբերությունները կարող են օբյեկտիվ կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ։

ՍԴ դիմում ներկայացնելու երրորդ հիմքը, ըստ Գրիգորյանի, մարտի 1-ի վերաբերյալ նախկին տարբեր կարծիքներ հնչեցնելն է։ Բացի այդ, պատգամավորի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Նիստը նախագահող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց,որ այս գործընթացն իր համար էլ հեշտ չէ, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում:
«Երկու դժբախտություն ունի ՍԴ-ն, առաջինը՝ որ գտնվում է Բաղրամյան փողոցի վրա, երկրորդը՝ որ լուծում է ընտրությունների հետ կապված վեճերի հարցերը: Ինչո՞ւ Բաղրամյանի վրա, որովհետև ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում Բաղրամյան փողոցի վրա, անուղղակիորեն ազդում է ՍԴ վրա. չեզոք գոտում հայտնվում էր ՍԴ-ն: Ընտրությունների արդյունքների հետ կապված՝ երեք-չորս տարին մեկ ՍԴ նկատմամբ վստահությունն ընկնում էր՝ ընտրական գործընթացի հետ կապված»,- ասաց նա:
Վարդանյանը նկատեց՝ հանուն արդարության՝ պետք է նշել, որ ՍԴ-ում օրենքների սահմանադրականության ստուգման հետ կապված որևէ խնդիր չի եղել:
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց,որ բոլոր գործընթացները հանրության համար պետք է լինեն բացարձակապես թափանցիկ եւ ընկալելի: Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանին դեմ էր քվեարկել ՝ ՍԴ անդամ ընտրելիս. «Ինքը չի համապատասխանում այդ չափորոշիչներին եւ չէր կարող լինել ՍԴ նախագահ, մենք մեր պատճառներն ու հիմնավորումներն ունեինք: Մենք լսեցինք, ձեր բոլոր 4 հիմնավորումները»,–ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ իրենց խմբակցությունը երբևէ կաշկանդված չեն եղել քաղաքական, իրավական խնդիրներով,հետևաբար ԲՀԿ-ն իր որոշումը կհրապարակի առաջիկա 1-2 օրերին:


Նկատենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում էր կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին։ ի վերջո Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագծին։ Մինչ քվեարկությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի։