Բավ է պառակտվել
09-03-2017 12:05

Բոլոր քննարկվող հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները շատ մոտ են. Սարգսյան

Հայաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները՝ բոլոր քննարկվող հարցերի վերաբերյալ, շատ մոտ են. Այս մասին իր ֆրանսիական գործընկերոջ հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հենց նոր ավարտեցինք մեր բանակցությունները և քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր: Ուրախությամբ արձանագրում եմ, որ բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին» ,-նախագահ Սարգսյանի խոսքերը մեջբերում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքերով, անկասկած, Հայաստանի և Ֆրանսիայի բազմադարյա ընկերությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունը այն հիմքն են հանդիսանում, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:
«Մենք գոհունակությամբ արձանագրեցինք մեր ձեռքբերումները՝ կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում միմյանց սատարում, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ»,- ասել է Սարգսյանը:
Երկու նախագահների հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ համաձայնագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբերյալ, հայտարարություն՝ տուրիզմի ասպարեզում համագործակցության մտադրությունների վերաբերյալ,
համագործակցության շրջանակային համաձայնագիր՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի և Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև: