Բավ է պառակտվել
16-10-2017 18:41

Սարգսյանը հայտարարել է ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժնևյան բանակցությունների արդյունքները, այս մասին հաղորդում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- ասել է Սարգսյանը Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ կողմից կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում: հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սարգսյանը:
Ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն, այնպես էլ երկու երկրների նախագահների դեմ առ դեմ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հարցեր:
Բանակցությունների ընթացքում նախագահները համաձայնել են բանակցային գործընթացի ակտիվացմանն ու սահմանային լարվածության նվազմանն ուղղված լրացուցիչ ջանքեր գործադրել:
Համանախագահները բավարարությամբ են ընդգծել երկար դադարից հետո ուղիղ բանակցությունների անցկացնելու փաստը: Նրանք նշել են, որ պատրաստ են կողմերի հետ շարունակել բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքը: