01-11-2018 19:34

Սարգսյան. Մենք Լուկաշենկոյի հետ քննարկել ենք Բելառուսի` Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի մասնակցել է Մինսկում ընթացող Մյունխենյան կոնֆերանսի անվտանգության գծով հիմնական խմբի քննարկումներին, նվիրված սպառազինությունների վերահսկմանը և վստահության ձևավորմանն, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին: Սարգսյանը խոսել է տարածաշրջանային հակամարտությունների մասին` նշելով, որ ցանկանում է իր դիտողությունները կիսել որպես պարզապես բանավեճի մասնակից և մտադիր չէ պաշտոնական հայտարարություն անել Հայաստանում տիրող իրավիճակի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ քննարկումները տեղի են ունենում այն քաղաքում, որի անունով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ:

“Հուսով եմ, որ այս խմբի օգնությամբ մի գեղեցիկ օր մենք կհասնենք խաղաղ կարգավորման”, - ասել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ նոր աշխարհում պետք է լսելի լինեն բոլորի ձայները։

“21-րդ դարում, երբ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների ու ռիսկերի, փոքր, անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ, Դոնբասում։ Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ”,-ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է Հայաստանը։

“Խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ”,- ընդգծել է նախագահը:

Նախագահի կարծիքով, 20 տարի առաջ կարելի էր ավելի մեծ հույս դնել կայունության վրա, քան այժմ։

“Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հակամարտության միլիտարիզացիան։ Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում”,-ասել է նա:

Կոնֆերանսի նախօրեին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նաև հանդիպել է բելառուսական գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ում հետ քննարկել է Բելառուսի՝ Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը:

Սարգսյանն ասել է, որ Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում նրանք Հայաստանի և Բելառուսի հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր են քննարկել․երկրների առջև կանգնած տնտեսական խնդիրները, թվային տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացումը։ Նախագահները քննարկել են նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցը։ Բայց ի՞նչ՝ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել։

“Եկեք թողնենք այս կամ այն երկրին զենք վաճառելու Բելառուսի որոշման հարցը, քանի որ մենք շատ բարեկամական, կոնֆիդենցիալ զրույց ենք ունեցել։ Մենք քննարկել ենք ամեն ինչ, նաև այն փաստը, որ Բելառուսը իսկապես կայունության գործոն է հանդիսանում տարածաշրջանում”,-ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Ադերբաջանը հետաքրքրված է “Պոլոնեզների” ձեռբերմամբ։ Առաջին պայմանագրի համաձայն Մինսկը պետք է Բաքվին մատակարարեր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 10 կոմպլեկտ (դրա մեջ են մտնում հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն)։ Ռազմական վերկուծաբաններն այդ համաձայնագիրը համարել են որպես “Ռուսաստանի կողմից Հայաստանին “Իսկանդեր” համակարգերի մատակարարմանն Ադրբեջանի ուշացած պատասխան”։

Իր հերթին, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր Երևանի խորը մտահոգությունը Մինսկի կողմից Ադրբեջանին զենք է վաճառելու կապակցությամբ։

“Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը”,- իր Ֆեյսբուքյան էջում գրել էր Արմեն Գրիգորյանը։

Երկու օր առաջ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ի դեմս Բելառուսի Հայաստանը միշտ ունեցել է և կունենա լավ և հուսալի ընկեր։