Բավ է պառակտվել
17-08-2018 10:57

«Համարեք, որ ես քաղաքականություն եմ վերադարձել»․ Քոչարյան

«Երկիր Մեդիա» -ին տրված իր հարցազրույցի ժամանակ հարցին, թե արդեն վաղուց լուրեր են տարածվում քաղաքականություն Ձեր վերադառնալու մասին, արդյո՞ք դա այդպես է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «համարեք, որ ես միանշանակ վերադարձել եմ: Իմ վերադարձը կարող է տարբեր ձևով լինել, ինչպես ընդհանուր քաղաքական ուժի հետ համատեղ, այնպես էլ՝ առանձին»:
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Երկիր Մեդիա» -ին, քանի որ կալանքից ազատ արձակվելուց հետո հնարավորություն չունեցավ մամլո ասուլիս տալ մի խումբ ակտիվիստների պատճառով, ովքեր «մարդասպան» վանկարկելով խափանեցին Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
«Ես հոգեպես երբեք չեմ ընկճվել, վախ չեմ ունեցել և չեմ ունենա», -ասեց Ռոբերտ Քոչարյանը, նաև պնդելով, որ նա միլիարդներ չունի, և այդ մասին իշխանությունը շատ լավ գիտի:
2008 թ. մարտի 1-2-ի արյունոտ իրադարձությունների գործի շրջանակներում, երբ ցուցարարների և ուժայինների միջև բախումների ընթացքում 10 մարդ զոհվեց՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է ներկայացվել: Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր սահմանել 2 ամսով կալանքը:
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու մասին միջնորդությունը: