Բավ է պառակտվել
28-05-2022 17:55

Այսօր լրանում է Հայսստանի Առաջին Հանրապետության 104-ամյակը

2022 թվականի մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձը։ Այս ամսաթիվը պետական ​​տոն է հայտարարվել 1990 թվականին։

Անկախության համար դարավոր պայքարից հետո 1918թ․ հռչակված առաջին հայկական պետությունը գոյատևեց երկու տարուց քիչ ավելի, բայց հսկայական հետք թողեց մեր ժողովրդի պատմության մեջ։

Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը համարվում է ինչպես Առաջին Հանրապետության (1918-1920թթ.), այնպես էլ 1920 թվականին ստեղծված Հայկական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության իրավահաջորդը։

Սովորաբար մայիսի 28-ին հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում «Սարդարապատ» հուշահամալիրում և Ապարանի «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որտեղ ոգեկոչվում են մայիսյան մեծ մարտերի հերոսները։ Այստեղ էր, որ 1918 թվականին հայ զինվորները կարողացան կանգնեցնել օսմանյան հորդաները, որոնք շարժվում էին դեպի Երևան՝ վերացնելու հայ ժողովրդի վերջին հենակետը։ Մայիսի 22-29-ին Սարդարապատում և Բաշ-Ապարանում տեղի ունեցած մարտերում կանխվել է երիտթուրքերի՝ Հայոց ցեղասպանության ծրագրի ավարտը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ընթերցողներին առաջարկում է 10 հետաքրքիր պատմական փաստ այդ տարիների իրադարձությունների մասին։

1. Հայաստանի անկախությունն առաջինը ճանաչել է Թուրքիան

Հայկական առաջին պետության ստեղծման մասին հռչակագիրը հռչակվել է 1918 թվականի մայիսի 30-ին, սակայն այնտեղ բացակայել է «հանրապետություն» բառը։ Այս փաստաթղթով Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդն իրեն հռչակեց նախկին Ռուսական կայսրության բոլոր հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը։ Սա հարկադրված քայլ էր Անդրկովկասի դաշնության փլուզման և Վրաստանի Հանրապետության ու «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» ստեղծման պատճառով, որը թուրքերն առաջին անգամ սկսեցին անվանել «Ադրբեջան»։

Պարադոքսալ է, բայց Թուրքիան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը։ Այսպիսով, երիտթուրքերի կառավարությունը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կրած պարտությունը փոխհատուցելու համար ցանկանում էր առավելագույն զիջումների հասնել հայերից՝ հունիսի 4-ին պարտադրելով Բաթումի սեպարատ և անարդար պայմանագիրը։

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանին էր մնում մոտ 12 հազար քառ․ կմ տարածք (Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտավայրի մի մասը)։ Պայմանագիրն ուժի մեջ մնաց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (1918 թվականի նոյեմբեր)։

Հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը դժգոհություն առաջացրեց անգամ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի մոտ, քանի որ Բեռլինում համարեցին, որ այն հակասում է Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության հետ կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրին։ Բաթումի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց 1918 թվականի հոկտեմբերին Մուդրոսի զինադադարի հիման վրա։

2. Անտանտի միակ դաշնակիցը

Անդրկովկասյան դաշնության փլուզումից հետո Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մնում է Անտանտի միակ դաշնակիցը տարածաշրջանում։ Նրա ուսերին է դրվում առաջնագծի պաշտպանությունը 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ կապված ռուսական զորքերի դուրսբերումից հետո: Վրաստանն ընդունեց Գերմանիայի, իսկ կովկասյան թաթարների նորաստեղծ պետությունը՝ Օսմանյան կայսրության պրոտեկտորատը, որն այդ ժամանակ պատերազմում էր Անտանտի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և նրանց դաշնակիցներ) հետ։

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, Անտանտի պետությունների և Թուրքիայի միջև Փարիզի արվարձանում՝ Սևրում, կնքվեց հաշտության պայմանագիր։ 89-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանի ապագային։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը պետք է սահմանազատեր Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության տարածքը։ Նոյեմբերի 22-ի նրա որոշմամբ Հայաստանի տարածքը պետք է կազմեր 161,33 հազար քառակուսի կիլոմետր՝ Տրապիզոնում դեպի Սև ծով ելքով։

3. Առաջին «մայրաքաղաքը» Թիֆլիսում ու «Միացյալ և անկախ Հայաստանի» հռչակումը

Հայոց ազգային խորհուրդը, որն իրեն հռչակել էր նախկին Ռուսական կայսրության բոլոր հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն, գտնվում էր Թիֆլիսում, որտեղ և ստեղծվեց հայկական առաջին կառավարությունը։ Վրացական իշխանությունների բողոքներից հետո, միայն 1918 թվականի հուլիսի 19-ին այն տեղափոխվեց Երևան։

1918 թվականի հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը նշանակեց Հայաստանի կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Կարճ ժամանակում ձևավորվեց նաև բարձրագույն օրենսդիր իշխանությունը։ Ընտրությունների ժամանակի սղության պատճառով հայ բոլոր քաղաքական ուժերը բանակցությունների և փոխզիջումների միջոցով համաձայնության եկան Հայաստանի խորհրդարանի կազմի շուրջ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում։

Խորհրդարանի ընդունած կարևորագույն ակտերից էր 1919 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության հռչակումը։ Կառավարությունը հայտարարեց նաև իր իրավասությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ, և պետությունը ստացավ «Միացյալ և անկախ Հայաստան» անվանումը։

4. Աշխարհում առաջին կին դեսպանը. համընդհանուր հավասարություն Սահմանադրության բացակայության պայմաններում

Աշխարհում առաջին կին դեսպանը գրող, դիվանագետ, հրապարակախոս, քաղաքական գործիչ և բարերար Դիանա Աբգարն էր։ 1920 թվականին, լինելով Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս, նա դարձավ Ճապոնիայում Հայաստանի դեսպանը։

Այս փաստը վկայում է այն մասին, որ 20-րդ դարասկզբին հայ հասարակությունը փաստացի ուներ կանանց իրավահավասարություն, մինչդեռ եվրոպական շատ երկրներում կանայք նույնիսկ ընտրելու իրավունք չունեին։

1919 թվականի մարտի 31-ին օրենք ընդունվեց ընտրությունների մասին, որին մասնակցելու իրավունք ունեին 20 տարեկանից բարձր բոլոր հայերն, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանից ներգաղթածները։ Կանայք նույնպես ունեին ընտրելու իրավունք։ Առաջին ընտրություններն անցկացվեցին հունիսի 21-23-ին։

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունն իր գոյության երկու տարիների ընթացքում այդպես չընդունեց սահմանադրություն։ Երկիրն առաջնորդվում էր հիմնականում «Ռուսական կայսրության օրենքների ամբողջական հավաքածուով», որը համալրվել էր խորհրդարանական որոշումներով և օրենքներով։

5. Միակ լավ հարևանը՝ Իրանը

Իրանը եղել է և, թերևս, մնում է միակ հարևան պետությունը, որի հետ Հայաստանի կառավարությունը որևէ տարածքային վեճ չուներ և պահպանում էր սերտ առևտրա-դիվանագիտական ​​կապեր էր ։

Ավելին, Իրանն ակտիվորեն մասնակցում էր Հայաստանի թաթար բնակչության հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ 1918 թվականի հոկտեմբերին Մուդրոսի զինադադարին հետևած թուրքական զորքերի դուրսբերումից հետո նրանք որոշեցին հայկական թաղամասերում ստեղծել պետական ​​միավորներ (Արաքսի Հանրապետություն, Կարսի շուրա)։

1918 թվականի դեկտեմբերին Իրանը երկու հայերից և երկու մահմեդականներից բաղկացած պատվիրակություն ուղարկեց թաթարական և հայկական կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար։ Հաջողվեց մի քանի ամսով զինադադար հաստատել, մինչև հակամարտությանը չմիջամտեց բրիտանական ռազմական ղեկավարությունը։

1919-ի գարնանը թաթարական ապստամբությունը պատեց ողջ Արարատյան դաշտավայրը՝ Նախիջևանից մինչև Կարս։ Արդեն հուլիս-օգոստոս ամիսներին թաթարները սպառնում էին Էջմիածինին և Երևանին։ Միայն 1920 թվականի ամռանը հայկական բանակը ճնշեց խռովությունները՝ հիմնականում լուծելով իր առաջ դրված խնդիրը։

6. «Չեզոք գոտի» Վրաստանի հետ սահմանին

Հայ-վրացական հարաբերությունների բարդությունը կապված էր Լոռու և Ջավախքի մարզերի հետ, որոնք Ռուսական կայսրության վարչատարածքային բաժանման արդյունքում անցան Թբիլիսիի իրավասության տակ։։

1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրքական զորքերի դուրսբերումից հետո Վրաստանն իր զորամիավորումներն ուղարկեց այդ շրջաններ։ Հայաստանի իշխանությունը չկարողացավ խնդիրը լուծել խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհով, և 1918 թվականի դեկտեմբերին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Վրացական բանակը պարտություն կրեց, սակայն հակամարտությանը միջամտած բրիտանական ռազմական հրամանատարությունը կողմերին ստիպեց հունվարի 7-ին համաձայնագիր կնքել Լոռին երեք՝ վրացական, հայկական և «չեզոք» գոտիների բաժանելու մասին։

7. Արցախի պարտադրված զիջումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների խոչընդոտ էր ռուսական կայսրության վարչատարածքային բաժանման արդյունքում Ղարաբաղի (Արցախի), Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելիության հարցը։

Օգտվելով Բաթումի պայմանագրից՝ ադրբեջանական բանակը գրավեց Շամշադինը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը փորձեց անեքսիայի ենթարկել նաև Ղարաբաղը, սակայն Արցախի Ազգային ժողովն առաջին համագումարում (1918թ. հունիսի 22) հրաժարվեց ճանաչել նրա իշխանությունը։

1919 թվականի օգոստոսի 13-ին արցախահայության 7-րդ համագումարը, բրիտանական ռազմական հրամանատարության սպառնալիքի ներքո, համաձայնեց ստորագրել Ադրբեջանի գերագույն իրավասությունը ճանաչելու համաձայնագիրը, քանի դեռ հարցը չի կարգավորվել Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ 1920 թվականի մարտի 28-ին արցախահայության 8-րդ համագումարը կրկին հռչակեց Արցախի անկախությունը Ադրբեջանից։

8. Իտալական մանդատը Հայաստանի նկատմամբ և Վիլսոնի արբիտրաժը

Ռուսական կայսրության փլուզումից հետո Վերսալյան համակարգի շրջանակներում Անտանտի երկրները նախ որոշեցին Հայաստանի նկատմամբ հովանավորության մանդատը («Ա մանդատ») տալ Իտալիային, սակայն իտալացիները հրաժարվեցին։

1919 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Փարիզի կոնֆերանսի շրջանակներում համաձայնեց ընդունել Հայաստանի նկատմամբ մանդատը, որից հրաժարվել էր Իտալիան ։ Այդ նպատակով Հայաստան է ուղարկվեց պատվիրակություն գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։

1920-ի ապրիլին Իտալիայի Սան Ռեմոյում որոշում է կայացվում Հայաստանի 2 մասերի միավորման վերաբերյալ: Ապրիլի 24-ին ԱՍՆ-ը փաստացի ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն 1920-ի հունիսի 1-ին Սենատի որոշմամբ (52 դեմ, 23 կողմ ձայներով) մերժվում է Հայաստանի հովանավորությունն ընդունելը: Պատճառներից մեկը Ջեյմս Հարբորդի պատվիրակության ներկայացրած եզրակացությունն էր` ավերակված ու օգտակար հանածոներով աղքատ Հայաստանին հովանավորելու անհեռանկարայնության մասին:

9. Հայ-ռուսական բանակցություններ

1920 թվականի մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկում են Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության ճանաչման շուրջ բանակցությունները։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թբիլիսիում կնքվում է հայ-ռուսական պայմանագիր, ըստ որի Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը հայտարարվեցին «վիճելի» տարածքներ և ժամանակավորապես օկուպացված էին խորհրդային զորքերի կողմից։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվում է արձանագրություն, ըստ որի Հայաստանի անբաժան մաս են ճանաչվում նախկին Երևանի նահանգի և Կարսի մարզի ողջ տարածքը, Զանգեզուրի, Քասախի և Լոռու մարզերը։

10. Առաջին Հանրապետության անկումը

1920 թվականի սեպտեմբերի 28-ին թուրքական զորքերի լայնածավալ հարձակմամբ սկսվեց հայ-թուրքական նոր պատերազմը։ Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավեցին Կարսը, իսկ նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը։ Ստեղծված իրավիճակից օգտվեց Վրաստանը՝ գրավելով ոչ միայն «չեզոք գոտին», այլև Լոռու ու Ջավախքի մի շարք այլ բնակավայրեր։

Նոյեմբերի 18-ին զինադադար հայտարարվեց, իսկ դեկտեմբերի 2-ին՝ խաղաղության պայմանագիր։ Հայ-թուրքական սահմանը հաստատվեց Ախուրյան և Արաքս գետերի երկայնքով, իսկ Կարսի նահանգը և Սուրմալուի շրջանը անցան Թուրքիային։

Օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից՝ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի կառավարությունից պահանջեց իշխանությունը փոխանցել հայ բոլշևիկներին, որոնք ստեղծեցին Հայ հեղափոխական կոմիտեն և նոյեմբերի 29-ին մտան հանրապետության տարածք։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում պայմանագիր է կնքվում իշխանությունը Հայհեղկոմին փոխանցելու մասին։ Հայաստանը խորհրդայնացվեց և հռչակվեց անկախ սոցիալիստական ​​խորհրդային հանրապետություն։

Ըստ պայմանավորվածության՝ ժամանակավոր հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լիներ հինգ բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավոր էր ապահովել ՀԽՍՀ տարածքի անվտանգությունը։ Մինչ Հայհեղկոմի իշխանության գալը իշխանությունը մայրաքաղաքում փոխանցվեց ռազմական հրամանատարությանը Դրաստամատ Կանայանի (Դրո) ղեկավարությամբ։