Բավ է պառակտվել
26-07-2019 14:16

“Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն և կայունություն”․Հայաստանի նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ ուղերձ է հղել հայ ժողովրդին, նշելով ժողովրդավարական և իրավական պետության ստեղծման առանցքային նպատակները։

“Ամառային այս օրերին․․․մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները”,-ասված է նախագահի մամլո ծառայության կողմից տարածված նրա ուղերձում:

Սարգսյանը հավելել է, որ ուշադրությամբ հետևում է հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին և այլն:

“Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց”,-ասել է նապագահը։

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը:

Սարգսյանը նաև հուսով է, որ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: “Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին”,-ընդգծել է Սարգսյանը:

Նա նշել է, որ առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը: “Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր”,- շեշետել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ վերջին շրջանում հանդիպել և շարունակում է հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, ովքեր շահագրգռված են ու գործում են հանուն մեր երկրի և ժողովրդի բարօրության:

“Աստված պահապան մեզ”․ այսպես է ավարտվում նախագահի ուղերձը։