Բավ է պառակտվել
01-02-2021 15:45

«Օդանավակայանում այսօր արմագեդոն էր»․ Զոհրաբյանը՝ ՌԴ չվերթի խնդիրների մասին

Այն, ինչ կատարվում էր օդանավակայանում այսօր, արմագեդոն էր. պետք էր տեսնել, թե մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախնում հայրենիքից. ես նրանցից ոչ ոքի չեմ մեղադրում: Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Քանի որ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չէին, որ քովիդի թեստը պետք է ներբեռնեին հեռախոսի մեջ և թղթային տարբերակով էին գնացել թռիչքի, իրենց թույլ չէին տալիս թռնել: Իսկ երեկ 23.30-ին Երեւան-Մոսկվա մեկ կողմանի տոմսի գինը հասավ 750 դոլարի:

«Առաջիկա օրերին երևի տոմսերը վաճառելու են աճուրդով, լոտերով: Այն հաջողակները, որոնք ներբեռնել էին COVID-ի ծրագիրը և բոլոր կանոնները պահպանել էին, նրանց հաջողվեց թռչել և նրանք իրենց համարեցին երջանիկ: Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև, ցավոք սրտի, մեր բազմաթիվ՝ հարյուր-հազարավոր, հայրենակիցների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է: Ես հարցնում էի նրանց՝ ինչո՞ւ եք գնում, պատճառը հուսալքությունն էր և տագնապը, որ վաղը Երևանում, Վանաձորում և մեր այլ քաղաքներում թուրքը դուռը չի բացելու ու մտնելու իրենց տուն»,-ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ հեռացողները մեծ մասամբ հենց Նիկոլ Փաշինյանին ընտրողներն են։
«Այո, նրանք էին, որովհետև պարզ էր, այն հատվածն էր, ով երկար տարիների հուսալքությունից, անարդարություններից, հուսահատությունից, Նիկոլի և նիկոլականության մեջ, իշխանափոխության, այդ հեղափոխության մեջ տեսել էր հույս և հավատում էր, որ, իրոք, ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ինքն այլևս լավ է ապրելու, որովհետև Նիկոլը բոլորիթալանածը հետ է բերելու և ծրարներով բաժանելու է 3 միլիոն վարչապետներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։