Բավ է պառակտվել
28-10-2022 15:04

Հայաստանի ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են մոնիտորինգի ընթացքը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ուրբաթ ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ԱԽՔ մամլո ծառայությունից։
Կողմերը քննարկել են քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԵՄ առաքելության մասին
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Եվրախորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում ընդունեց մինչև 40 փորձագետ ուղարկել․ որոնք կտեղակայվեն հայկական կողմից՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկույցի համար, ասվում է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 20-ին առաքելությունը սկսեց աշխատանքը։
Քառակողմ հայտարարության համաձայն՝ առաքելությունը կգործի երկու ամիս։ Հայաստանի դեպքում դիտորդների առաջնահերթությունը լինելու է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար զեկույցների պատրաստումը։

Հայ-ադրբեջանական կարգավորման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի համաժողովում, ասել էր, որ ռուսական կողմը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանի հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը։ Կարգավորման տարբերակի ընտրությունն, ըստ ՌԴ ղեկավարի, Հայաստանի, հայ ժողովրդի և ղեկավարության գործն է՝ ընդգծելով, որ «մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում որևէ բան թելադրել Հայաստանին»։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ սահմանազատման աշխատանքները կավարտվեն մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Փաշինյանը հաստատել է նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանն իր մասնակցության մասին տեղեկությունը։