Բավ է պառակտվել
17-01-2022 17:02

Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի նախապայմանների մասին (տեսանյութ)

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, այդ երկրի առաջ քաշած նախապայմանները, մասնավորապես՝ Ադրբեջանի և Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ։

Բանակցությունների ձևաչափը

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի հնարավոր տեղի ընտրության հարցում համաձայնությունը նաև Թուրքիայինն է եղել, այսինքն` երեք կողմն էլ համաձայնություն է տվել, որ հանդիպումը կայանա Մոսկվայում։ Մենք բաց ենք, որպեսզի գտնենք հնարավորություններ` քննարկելու նաև այլ տեղեր. հաջորդ հանդիպումները կարող են լինել և՛ Երևանում, և՛ Անկարայում, պետք է քննարկենք և հասկանանք: Եվ կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման եթե դրական դինամիկա լինի, ապա շփումներն էլ ավելի կշատանան, և մենք կկարողանանք գտնել այն ճանապարհը և այն ձևը` հարաբերությունները կարգավորելու համար:

Թուրքիայի նախապայմանները․ հրաժարում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից և «Զանգեզուրի միջանցքի» բացում.

Մենք բազմիցս խոսել ենք, որ միջանցքային տրամաբանության մեջ Հայաստանը որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Միջանցքի հարցը մեզ համար «կարմիր գիծ» է, և սրա մասին տեղյակ են բոլորը` տեղյակ է և՛ Ադրբեջանը, և՛ բոլոր այն երկրները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են Հայաստանի հետ: Մենք այս հարցը, կարելի է ասել, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, և հստակ բոլորը գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել, և այստեղ նախապայմաններ, ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է:

Մեր մոտեցումն այն է, որ պետք է հարաբերություններ սկսել, միմյանց մոտեցումները հասկանալ, որովհետև տեսեք` շատ հաճախ են մեր ընդդիմադիրները կամ այլ քաղաքական գործիչներ հայտարարում, որ Թուրքիան ինչ-որ բան է հայտարարել: Որպեսզի այդ հայտարարությունների ավելի խորքային կոնտեքստը հասկանանք, մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է սեղանի շուրջ նստենք Թուրքիայի հետ և հասկանանք, թե նրանք ինչ մոտեցումներ ունեն, քննարկենք, նաև մեր մոտեցումները ներկայացնենք և փորձենք հարաբերությունները կարգավորել: Մենք կարծում ենք, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել, և եթե մենք օգտագործենք ստեղծված այս պատուհանը, ապա երկարաժամկետ հնարավոր է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների, երկրորդ հանդիպման օրն ու վայրը կորոշվի պատշաճ ժամանակ դիվանագիտական ​​ուղիներով։

Ուրբաթ օրը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամլո ասուլիսում ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասաս, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ այս գործընթացում Ռուսաստանի դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատման հարցում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։