Բավ է պառակտվել
31-03-2022 10:25

Հայաստանի ԱԽ քարտուղարը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, հաղորդում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը:

«Եվրոպական Միությունն այսօր Բրյուսելում անցկացրել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որպեսզի առաջ մղի երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծման որոնմանն ուղղված համատեղ ջանքերը: Մասնավորապես, քննարկվել են ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022թ. ապրիլի 6-ին նախատեսված հանդպման նախապատրաստական հարցերն» ,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առարկայական բանավեճի, այդ թվում՝ Գրիգորյանի և Հաջիևի առանձին երկկողմ զրույցի ընթացքում քննարկվել է քաղաքական իրավիճակն ու անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակն՝ ի զարգացում երկու երկրների առաջնորդների և Միշելի միջև 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի շարունակեն քննարկումը, այդ թվում՝ 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին առաջնորդների հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կքննարկեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների հետ կապված հարցերը:

«Եվրոպական Միությունը նախկինի պես հետամուտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման գործին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Երևանի դիրքորոշումը Բաքվի հետ պայմանագրի վերաբերյալ

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևավորվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Բաքվից ստացված փաստաթուղթը, որում նշվում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման Ադրբեջանի 5 սկզբունքը։

Նա նշել է, որ առաջարկություններում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ամբողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքորեն կարևոր է, որ արցախահայության իրավունքներն ու ազատությունները հստակ երաշխավորվեն, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների և հիշեցրել, որ ՀՀ ԱԳՆ-ն խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կազմակերպել բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ։