Բավ է պառակտվել
31-03-2023 18:57

Հայաստանի ԱԽ քարտուղարը զգուշացրել է Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորության մասին

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, հայտնում է ԱԽ մամլո ծառայությունից։
Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։
Նա նաև ներկայացրել է մանրամասներ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբերանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։