Բավ է պառակտվել
14-11-2022 21:40

Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնաբանել է ցեղասպանությանը նախապատրաստվելու՝ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքն այն մասին, որ Ադրբեջանը նախապատրաստում է հայերի ցեղասպանությունը Ղարաբաղում և այս ֆոնին ցանկանում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել ։

«Եթե խաղաղության պայմանագիրը այն տարբերակով ենք կնքում, որը մենք առաջարկում ենք, հնարավորություն է ստեղծում նաեւ կանխել դա։ Այն մեխանիզմները, որը մենք առաջարկել ենք խաղաղության պայմանագրի տեքստում, նաեւ երաշխիքներ է ստեղծում, խոսքն, օրինակ՝ միջազգային երաշխավորների ինստիտուտի մասին է, որոնք ապահովում են խաղաղության պայմանագրի շրջանակներում բոլոր պայմանավորվածությունների կատարումը»,- ասել է Գրիգորյանը։

Միաժամանակ նա նշել է, որ այս պահին քննարկվում է, թե կոնկրետ ովքեր են դառնալու երաշխավոր։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է եռակողմ պայմանավորվածությունները և նախապատրաստում արցախահայության ցեղասպանությունը։