Բավ է պառակտվել
03-10-2022 22:26

Հայաստանի ԱԽ-ի քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները

Երկուշաբթի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ, տեղեկացնում է ԱԽ մամլո ծառայությունը:
Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:
Գրիգորյանն անդրադարձել է նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին: