Բավ է պառակտվել
21-09-2022 13:46

Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին․ ադրբեջանական զինուժն անհապաղ պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքից

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից, հայտնում են ԱԽ մամլո ծառայությունից։

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանը իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:

Զասի գլխավորած պատվիրակության այցի մասին

Կազմակերպության առաքելությունը՝ Զասի գլխավորությամբ, Երևան է ժամանել նախօրեին, դրանում ընդգրկված են , որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչնե, րհայտնում են ՀԱՊԿ-ից։

Այցի նպատակն է գնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստել մանրամասն զեկույց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկներ մշակել ստեղծված լարվածության թուլացման ուղղությամբ։

Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում էր ՀԱՊԿ ԱԳՆ առաջատար խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։ Խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։