Բավ է պառակտվել
04-01-2019 11:53

ԱՄՆ սենատը հաստատել է Հայաստանում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ սենատը հունվարի 2-ի նիստում հաստատել է Լինն Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ նոր արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, հայտնել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA)։

Բացի այդ, նույն նիստում հաստատվել է Ադրբեջանում ամերիկյան առաքելության նոր ղեկավարի՝ Էրլ Լիտցենբերգերի թեկնածությունը։

ANCA-ն նշել է, որ մինչ քվեարկությունը սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն մանրամասն ուսումնասիրել է ԱՄՆ քաղաքականությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ագրեսիան և ներքին ճնշումներն Ադրբեջանում, այլ առանցքային հարցեր։

“Հայաստանում խաղաղ իշխանափոխությունից մոտ մեկ տարի անց Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ակնկալում է նոր տարում համագործակցել դեսպան Թրեյսիի հետ` ԱՄՆ–ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները բարելավելու նպատակով”, – հայտարարել է ANCA–ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա նաև հույս է հայտնել, որ Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Լիտցենբերգերը վճռականորեն կդիմակայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած հակահայկական քաղաքականությանը։

Լին Թրեյսին Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների գծով մասնագետ է։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է, այժմ զբաղեցնում է Պետդեպարտամենտում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Մինչ այդ աշխատել է որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում, պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ։ Թրեյսին աշխատել է նաև ԱՄՆ հյուպատոսությունում Փեշավարում, Պակիստան։

Նա պետքարտուղարի կողմից արժանացել է “Հերոսության համար” մրցանակին։ Տիրապետում է ռուսերեն լեզվին։