Բավ է պառակտվել
25-11-2019 12:15

Սենատորն արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Սպիտակ տան խնդրանքով

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտնել է, որ արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվերակությունը Սենատում Սպիտակ տան խնդրանքով։

“Հանդիպումից հետո (Սպիտակ տանը Թուրքիայի նախագահի հետ՝ ԻՖ) մենք հավաքվեցինք և զրուցուցինք տեղի ունեցածի մասին”,- ասել է Գրեմը։

Նրա խոսքով, Սպիտակ տան օրենսդրական հարցերով ներկայացուցիչը տեղեկացրել է իրեն, որ սենատոր Բոբ Մենենդեսը մտադիր է քվեարկության դնել հայերի ցեղասպանության մասին իր օրինագիծը և խնդրել է Գրեմին արգելափակել այն։

“Ես էլ ասեցի՝ իհարկե (…): Միակ պատճառը, որ ես արեցի դա այն էր, որ նա (էրդողանը) դեռևս քաղաքում էր (…) Դա անհարմար ժամանակ կլիներ։ Ես փորձում եմ փրկել (ԱՄՆ և Թուրքիայի՝ ԻՖ) հարաբերությունները, եթե դա հնարավոր է”,- նշել է Գրեմը։

Նա հավելել է, որ Մենենդեսի բանաձևն արգելափակելիս իրեն անհարմար է զգացել։

“Հաջորդ անգամ ես չեմ առարկի”,- հստակեցրել է նա։

Մինչդեռ նախորդ շաբաթ Մենենդեսը և սենատոր Թեդ Քրուզը կրկին ներկայացրել են Հայոց ցեղասպանության բանաձևը։

Այս անգամ այն արգելափակել է մեկ այլ սենատոր՝ Դևիդ Պերդյուն։

“Սենատոր Պերդյուն առարկել է, ելնելով այն մտավախությունից, որ բանաձևի ընդունումը կվտանգի Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ տարածաշրջանում տեղի ունեցող նուրբ բանակցություններն”, - ասել է Պերդյուի ներկայացուցիչը։

Հոկտեմբեր ամսվա վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին բանաձևը։

Բանաձևին կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝ միայն 11-ն։ Այդ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացրել դեմոկրատ Ադամ Շիֆը: