ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախօրեին կայացած լսումներին կտրուկ քննադատել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Արձագանքելով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, Մենենդեսը հակադարձել է. «Բայց մենք նրան փող ենք տալիս, և նա շարունակում է անել այն, ինչ ուզում է»:
Սենատորը հարց է տվել, թե այդ դեպքում ԱՄՆ-ն ինչպես կարող է արդարացնել Բաքվի ռեժիմին ցանկացած աջակցություն ցուցաբերելը։
«Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես զզվելի է և ծաղրանք է Ազատության աջակցության օրենքի նկատմամբ», - ասել է Մենենդեսը:
Նա նաև հորդորել է ընդունել, որ Ադրբեջանը ագրեսոր է. Նրա խոսքով, ԱՄՆ-ն ոչինչ չի արել Ադրբեջանի կողմից (Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ խմբ.) կասետային զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման ապացույցները ստուգելու համար, որոնք արգելված են։ Ոչինչ չի արվել նաև հայ զինվորների մահապատժի և կին զինվորի նկատմամբ բռնության ենթարկելու տեսագրությունները ճշտելու համար։
Մենենդեսը նաև անընդունելի է համարել Արցախին տրամադրվող օգնության չափը և կոչ արել ավելացնել այն։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Էդ Մարքին հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին ինքը և իր մի քանի գործընկերներ նամակ են ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ խնդրելով դադարեցնել որևէ օգնություն Ադրբեջանին մինչև Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և կայունություն ապահովելու վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև որոշում կայացվելը։