Բավ է պառակտվել
22-06-2021 15:52

Սերգեյ Լավրովը նշել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը

Ժողովուրդների՝ իրենց զարգացման վեկտորն ինքնուրույն ընտրելու իրավունքների պաշտպանությունը մնում է համաշխարհային քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասայի հետ բանակցությունների սկզբում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր համաշխարհային հանրության օրակարգի հիմնական խնդիրն այն է, որ ոչ ոք կասկածի տակ չդնի երկրների և ժողովուրդների զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքը: Մենք լիովին համերաշխ ենք վենեսուելացի ընկերների, վենեսուելացի ժողովրդի, ղեկավարության հետ այն դժվարությունների առկայության պայմաններում, որոնք այժմ ապրում է ձեր երկիրը ձեր ներքին գործերին խառնվելու փորձերի, ձեր զարգացումը դանդաղեցնելու և զսպելու փորձերի պատճառով: Համոզված եմ, որ մեր այսօրվա բանակցությունները կօգնեն հետագայում զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ասել է նա:

Լավրովն առաջարկել է նաև քննարկել Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլաս Մադուրոյի հանձնարարականների կատարման առաջընթացը փետրվարին կայացած հեռախոսազրույցից հետո: «Այսօր մենք շատ լավ հնարավորություն ունենք տեսնելու, թե ինչպես կարող ենք հնարավորինս արդյունավետ կատարել նրանց հանձնարարականները», - հավելել է նախարարը:

Իր հերթին, Արեասան երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կողմից Վենեսուելային ցուցաբերած աջակցության համար այն տարիների ընթացքում, երբ երկիրը «ենթարկվեց Վենեսուելայի նախագահի և նրա կառավարության իշխանությունը հակասահմանադրական և ապօրինի ձևով փոխելու ագրեսիվ հարձակումների»: «Մեր հարաբերությունները ռազմավարականից դարձել են եղբայրական: Մենք ունենք ավելի քան 200 ստորագրված համաձայնագիր, ևս 50 համաձայնագիր քննարկման փուլում են: Մենք շարունակաբար կառուցում և զարգացնում ենք մեր համագործակցությունը և հաջողությամբ առաջ ենք գնում», - նշել է Արեասան: