Բավ է պառակտվել
31-05-2016 14:44

Սերժ Սարգսյանը կարևորել է ՌԴ–ի դերը Ղարաբաղյան ճգնաժամի հարցում

ՀՀ նախագահը նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանն ուղղված աշխատանքներ իրականացնել։

«Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Հայաստանի սահմանին սանձազերծած գործողությունները լուրջ մարտահրավեր դարձան ԵՏՄ տարածքի անվտանգության համար», — ասաց Սարգսյանն իր ելույթում։

Նա նշեց, որ միջազգային ներդրողների համար ԵՏՄ-ի ընկալման երկու տարբերակ կա` կամ տնտեսական կայունության և անվտանգության գոտի, կամ որպես «թշնամանքի և լարվածության մշտական օջախներով» տարածք։

«Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պարագայում։ Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը իրավիճակը վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Դրանում կարևոր դեր է ունեցել Ռուսաստանը», — ավելացրել է Հայաստանի ղեկավարը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է հետևողական աշխատանք տանել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար, որը հիմնված է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի վրա»։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։