Բավ է պառակտվել
10-08-2016 11:14

ՀՀ Նախագահը լուծարել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

ՀՀ Նախագահի կարգադրությամբ լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի ՆԿ-139-ն կարգադրությունն ուժը կորցրած է ճանաչվել. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 18-րդ հոդվածը.

1. Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրությունը։

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նաև որոշում է կայացրել ՀՀ Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին։

«Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության արդի մարտահրավերներին համընթաց արագ, արդյունավետ և համակարգված արձագանքման համար բարձրացնելու Ազգային անվտանգության խորհրդի դերը, ելնելով Ազգային անվտանգության խորհրդի գործունակությունն ամրապնդելու, նրա աշխատակազմի կառավարումը բարելավելու, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի գործառույթների կրկնումը բացառելու, Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակով ավելի արդյունավետ կառուցակարգեր ստեղծելու անհրաժեշտությունից, ընդգծելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր՝ սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով առաջանցիկ եղանակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը, որոնցով մի կողմից՝ կերաշխավորվեն Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների շարունակականությունը և անընդհատությունը, մյուս կողմից՝ կապահովվի անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝

1) 1-ին հավելվածի 32-րդ կետում «նախատեսվածների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարի» բառերը.

2) 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով՝ «32.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարը գործում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անմիջական ղեկավարությամբ».

3) 1-ին հավելվածի 37-րդ կետում՝ ա. «ծառայության և» բառերը փոխարինել «ծառայության,» բառով, բ. «ռազմական տեսչության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետ. «9.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»։