Բավ է պառակտվել
09-07-2018 21:40

Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեմն փորձեր էր անում «Մարտի 1»-ը բարդել Քոչարյանի վրա՝ նպատակ ունենալով մաքրվել-Մանուկյան

Ըստ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեմն փորձեր էր անում «Մարտի 1»-ը բարդել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա՝ դրանով նպատակ ունենալով մաքրվել։

Մանուկյանն ընդգծել է, որ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ է «Մարտի 1»-ն իրականություն դարձել։

«Ակնհայտ էր այդ երկուսի համաձայնությամբ այս ամենն իրականացնելը, և գնալով բացահայտվում էր, գնալով հնարավոր էր դառնում բացահայտման հնարավորությունը, և Սերժ Սարգսյանն իր թիմով՝ Նիկոյանով և մնացած հանրապետականներով փորձում էին անընդհատ մի քիչ ավելի ետ տանել մեղքերը՝ իրենց մաքուր դուրս գալու համար։ Այնքան ակնհայտ է այս ամենը, այնքան ակնհայտ է այդ կազմակերպվածությունը՝ պետական համագործակցված կազմակերպվածությունը «Մարտի 1»-ի, որ ինչպես Ռոբերտն էր ասում՝ շարքային ուչաստկովին էլ կարող եք տեսնել, որ էս երկուսը եղել է Ռոբերտ Քոչարյանի պրեզիդենտ եղած ժամանակ, Սերժ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ և բոլորը համակարգված է տեղի ունեցել», - ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ իրենք ուրախ ու պատրաստակամ են աջակցելու «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը։

«Ինչո՞ւ ենք մենք այսքան ուրախ և այսքան պատրաստակամ աջակցելու, որովհետև այս ամենը գողացված իշխանության արդյունքն է։ Վերջին հաշվով էս իշխանափոխությունը տեղի ունեցավ 98 թվականին, 2008-ին ամրագրվեց արյունով, 99-ի արյունը դեռ մնում է որպես օրակարգի հարց բացվելու, էս ամենը եղել է իշխանությունը պահելու համար։ ՀՔԾ-ի բարի գործը, արդար գործը նա է, որ շեշտադրումը հենց այստեղ դրեց, որ ընտրությունների կեղծման արդյունքում է սա եղել», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Դեռ ընտրություններից առաջ բաներ կային արդեն՝ մարդկանց տանում էին, ահաբեկում էին, քանի հոգու արդեն ձերբակալել էին։ Ամսի 23-ին է տեղի ունեցել Ձեր ընթերցած գաղտնի հրամանի ամսաթիվը։ Դուք գիտեք, որ քրեական գործը բացվել է փետրվարի 23-ին՝ մարտի 1-ից 8 օր առաջ, երբ ոչինչ չկար, բայց արդեն կար ընտրությունների արդյունք և իրենք գիտեին, որ կեղծիքը տեղի է ունեցել, արդեն իրենք իշխանության չեն և դիմեցին իրավապահներին՝ կազմակերպելու այս քրեական գործը և սկսվեց մարդաորսը։ Այսինքն՝ ամենևին մարտի 1-ի հետ կապված չի, ասենք թե մերոնք փայտով, քարով, ոստիկան էին ծեծում, ընդդիմանում էին, ամենևին, այս գործը եփվել է, թխվել է դրանից ութ օր առաջ, և սա է գործի քաղաքական էությունը, որը ապացուցում է, որ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր՝ ոչ ընտրված, Սերժ Սարգսյանը վարչապետ էր և կազմվեց այդ 0038-ի թիմը, որն իրականացրեց էս ամենը։ Էդ առումով է, որ հայ ժողովուրդը մաքրվելու է այս երկու բանդաների արածներից՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»։