Բավ է պառակտվել
18-11-2019 16:57

Սերժ Սարգսյանին կարող են հրավիրել 2016թ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

2016թ․Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը մտադիր է նիստին հրավիրել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ, “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկել է 2016թ․Արցախում Ապրիլյան պատերազմի պատճառների խորհրդարանական քննության ժամանակը։ Մայիսի 31-ին Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել է 2016թ Արցախում Ապրիլյան պատերազմի հանգամանքների պարզաբանման հանձնաժողովի ստեղծման մասին։ Այդ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովը։

“Ամեն օր, ամեն նիստից հետո մենք մոտենում ենք նրան հրավիրելու պահին”,- ասել է Քոչարյանը։

Ճշտող հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ Սարգսյանը հրավիրվելու է հանձնաժողովի գործունեության ամենավերջում՝ պատգամավորը դրական է պատասխանել։

Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ եզրակացությունները թույլ կտան ամբողջական պատկերացում ստանալ երեք տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին և նշել է, որ բոլոր եզրահանգումները հիմնված կլինեն բացառապես ապացույցների վրա։

Հարցին, հնարավո՞ր է, որ հանձնաժոովը նութեր տրամադրի իրավապահ մարմիններին քրեական գործեր հարուցելու համար, Քոչարյանը հայտարարել է, որ կկարողանա այդ հարցին պատասխանել “ավարտական փուլին անցնելուց հետո”։

2016 թ. ապրիլի 2-ից 5–ը ադրբեջանական զինված ուժերն ակտիվ մարտական գործողություններ էին վարում` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը, շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվել էր ճնշել հակառակորդի ագրեսիվ գործողությունները` թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։