Բավ է պառակտվել
05-12-2019 16:01

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում ինչն է ծիծաղելի․ Էդուարդ Աղաջանյան

Արդյո՞ք կառավարությունը ստուգումներ կանի՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում՝ հարցն այսօր ուղղեցին լրագրողները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։
Վերջինս նշեց, որ իրենց քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական և փորձելու են բացահայտել հանրային հնչողություն ունենցող բոլոր այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները հանրությունը չունի։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համար անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում ինչն է ծիծաղելի:

«Գուցե, հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ»,–ասաց Աղաջանյանը:
Վերջինս չի բացառել, որ այլ գործերի շրջանակում ևս էլ ավելի մեծ մասշտաբի և էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներին։
Ի դեպ Սերժ Սարգսյանի առաջադրված մեղադրանքին անդրադարձել են նաև խորհրդարանում․մասնավորոպես Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է հանրապետականների այն հայտարարության մասին, որ դա քաղաքական հետապնդում է և նրան լռեցնելու փորձ։ Պատգամավորը նշել է,որ սա իրավական գործընթաց է:
Նրա համոզմամբ՝ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ առ այն, որ քրգործը շինծու է, կեղծ, մեղադրանքը կեղծ է, ապացույցներ չկան:
«Ի՞նչ են ասում հանրապետականները՝ այ, Սերգո Կարապետյանը ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, և բուռն քննադատություն է հնչում իշխանության դեմ: Դա նույնն է, թե Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Տրամաբանությունը ո՞րն է, դուք՝ ձեր նախարարը: Իրենք էլ երկար ժամանակ է պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի՝ չի կալանավորվել: Ինչ վերաբերում է լռեցնելու փորձին, պետք է ասեմ՝ Սերժ Սարգսյանը լուռ է եղել, միշտ ասել է՝ ժամանակը կգա, կխոսեմ, ի՞նչն է լռեցվել»,- ասաց նա:
Հիշեցենք,որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում:

 

Արմինե Գևորգյան