Բավ է պառակտվել
28-04-2016 09:51

Մինչև չդադարեն հրադադարի խախտումները անհնար է խոսել բանակցությունների մասին.ՊՆ

Անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև Ադրբեջանը չդադարեցնի հրադադարի խախտումները։ Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այցով գտնվում է Մոսկվայում։

Հարցին, թե Ռուսաստանի ներկայացուցիչները՝ պաշտպանության նախարարը կամ այլ պաշտոնյաները չե՞ն փորձել կազմակերպել իր եւ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպումը, Օհանյանը պատասխանել է. «Այդպիսի խոսակցություն չի եղել, որովհետև ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավանդ վերջին երեք օրերին: 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչեւ հիմա խախտվում է, մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստելու ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, կոնֆերանսի միջանցքում, երբ ընդմիջում էր, իրեն են մոտեցել ադրբեջանցի լրագրողներ և հարցադրումներ արել՝ ինչու՞ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ։ «Ես նրանց պատասխանեցի՝ ընդհակառակը՝ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանակցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձեւավորմանը, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: Եվ այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչեւ կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանական կողմը, որը կոպիտ խախտումներ է անում»,- նշել է նախարարը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից նա նշել է. «Այսօր չեմ կարող նշել որեւէ փաստ, որով կմատնանշվեր, որ մեր հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձեւով խախտված են ու չեն կատարվում: Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության եւ իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են»: