Բավ է պառակտվել
08-10-2021 15:45

Պատերազմի հավանականություն միշտ էլ կա, սակայն չեմ կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել. Օհանյան

Պատերազմի հավանականություն միշտ էլ կա, սակայն չեմ կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել։ Այս մասին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ուրբաթ խարհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

«Ռեալ գնահատական տալու, պատերազմական գործողությունների սկսման շուրջ եզրակացություններ անելու համար պետք է լիարժեք տիրապետել այն խնդիրներին, որոնք կան Անվտանգության խորհրդում, ՊՆ-ում, ԳՇ-ում: Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի»,- ասել է Օհանյանը:

Այս կապակցությամբ Օհանյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս գնահատակն չեն տվել անվտանգության միջավայրի փխրունության աստիճանին։

«Ես նկատի ունեմ նաև այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում, հատկապես տարածաշրջանային լայն նկրտում ունեցող երկրների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական, նաև Հարավային Կովկաս ներխուժման հետ կապված բոլոր խնդիրները: Ես գտնում եմ, որ նաև այդ տանդեմի ծավալապաշտությունն է, որ ստիպել է Իրանին իր սահմաններում անվտանգության ապահովման ուղղությամբ զորավարժություններ անցկացնել ուժը ցուցադրելու, բանակը ստուգելու և համապատասխան հոգեբանական ճնշում գործադրելու համար»,- ասել է Օհանյանը:
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Իրանն այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դարավոր բարեկամական հարաբերություններ, նաև Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու երկու ուղղություններից մեկն է։

«ՀՀ-ն պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել՝ [․․․], նաև տնտեսական հարաբերությունների զարգացման մասնավորապես՝ Սյունիքում բեռնափոխադրումների կազմակերպման առումով։