Բավ է պառակտվել
03-08-2020 15:40

«Այս քայլող պարոններն ու տիկնայք մի օր էլ կարող է Արարատը վերանվանեն Ադրիդախ, հետո՝ Երեւանը Էրիվա՞ն». Շարմազանով


«2018-ի հուլիսին խորհրդարանում, երբ նոր կառավարությունն իր ծրագիրն էր ներկայացնում, ես հայտարարել էի, որ հայագիտականի եւ ազգայինի մասին ոչ մի բառ այնտեղ չկա»,- այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս երկու տարիների ընթացքում ազգայինի ու ավանդականի դեմ արշավը ավելի մեծ չափերի է հասել:
«Հայաստանում հայոց պատմության երկու հիմնական ամբիոն կա, մեկը ԵՊՀ-ում, մյուսը՝ Մանկավարժական համալսարանում, բնականաբար` նաև ակադեմիայի պատմության ինստիտուտը: Կրթական չափորոշիչների մշակման ընթացքում այս ամբիոններից որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնվել: Ո՞րն է այ ժողովրդի հայրենիքը: Հայկական լեռնաշխարհը, չէ՞: Այդ չափորոշիչների մեջ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիայով: Այսինքն՝ եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոնները կարող է Արարատը վերանվանեն Ադրիդախ՝ ոնց որ թուրքերն են ասում: Այսօր հայկական լեռնաշխարհն են ասում Արևելյան Անատոլիա, վաղը Արարատն են ասելու Ադրիդաղ, հետո՝ Երևանը՝ Էրիվան ու էդպես շարունակ»,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովը չի զարմանում. Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմեր» չունեն, ինքն էլ ենթադրում է՝ «նացիոնալիզմ», «պատրիոտիզմ իրենք չունեն»: Հավելում է՝ «քայլողների բանակի շարքերում» կան շատ ոչ ավանդական արժեքների կրողներ, եկեղեցուն դեմ հանդես եկողներ, այս ընթացքում հարձակումներ եղան Վեհարանի, Վեհափառի վրա:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նկատում է՝ կրթական չափորոշիչների դեմ այսօր հանդես եկողները 2018-ին լուռ էին, ավելին, «ձեռք-ձեռքի տված գնացին եւ քվեարկեցին հայագիտության եւ հայապահպանության դեմ»:

Ապա հրապարակվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգը, որը 2007-ի ռազմավարության հետ համեմատելով՝ բանախոսը երկու շատ կարեւոր տարբերություն է առանձնացնում. նախ՝ 2007-ի ռազմավարության մեջ «Արցախի հանրապետություն» է նշված, իսկ գործող ռազմավարության մեջ «հանրապետությունը» բացակայում է: Երկրորդ՝ 2007-ի ռազմավարության նպատակների մեջ հստակ ամրագրում կա հայապահպանության մասով, ներկայացվող հայեցակարգում այդ նպատակը չկա: Այս ամենը, ըստ Էդուարդ Շարմազանովի, չէր կարող արտացոլում չունենալ կրթական չափորոշիչներում:
Պատմության նոր ծրագրի չափորոշիչներից, նրա խոսքով, բացակայում են նաև Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կամավորական ջոկատների զմավորման մասին փաստերը:

Բագրատունյաց շրջանից միայն Անիի թագավորության մասին է նշված չափորոշիչներում: Հայաստանի նոր շրջանի պատմության հատվածում՝ 1914 թվականների կամավորական շարժումների մասին ոչինչ ներառված չէ.
«Այսինքն՝ ո՛չ Անդրանիկ է եղել էդ շրջանում, ո՛չ Նժդեհ է եղել, ո՛չ Դրո է եղել, ո՛չ Քեռի է եղել, ո՛չ Վարդան է եղել, ո՛չ Հայկ Բժշկյանց է եղել: Մինչև հիմա իրենք են եղել ու իրենց Նիկոլայը»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը այս ամենը պատահականություն չի համարում եւ չի հասկանում այն արդարացումները, թե քննարկման է ներկայացված չափորոշիչների սեւագիր տարբերակը. զարմանում է՝ «իսկ ինչո՞ւ որեւէ մեկի մտքով պետք է նման բաներ անցներ»: Իր համար նաեւ անընդունելի է, երբ շատ մասնագետներ զգուշորեն են խոսում չափորոշիչների մասին՝ սլաքներն ուղղելով միայն ԿԳՄՍ նախարարի դեմ, վարչապետին շրջանցելով. «Ոչ, պարոնայք: Սա պետական քաղաքականություն է, որը նաեւ թելադրվում է դրսից:
«Պատմաբանների կողմից հրապարակվեց փաստաթուղթ, որտեղ հստակ երեւում է, որ այդ չափորոշիչների հեղինակը 2017-19 թվականներին թուրքերի հետ Թուրքիայում եւ Հայաստանում պատմության դասագրքերի դասավանդման մեթոդիկա են մշակել: Ավելին, ըստ հավաստի լուրերի, թուրք-հայկական համատեղ դասագրքերի, որտեղ չկա հայագիտություն, հայրենասիրություն, Պավլիկյաններն էլ աղանդավոր չեն:

Ստեղծումից անմասն չեն նաեւ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ եւ նրանցից մեկն արդեն հայտարարել է»: «Իրենց քաղաքական հայրը կարծում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հիմա իրենք եկել եւ իրականացնում են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ մտավորականները, հանրային այլ շերտեր պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտեն:
ՀՀԿ նախագահը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցելության ընթացքում հայտարարել էր, թե պետք է հրաժարվել «ազգային կաղապարներից», իսկ Հայաստանի «աննախադեպ իշխանությունը» դրա դեմ չէր առարկել:
Մինչդեռ, այն, ինչը արևմտյան գործիչը «ազգային կաղապարներ» էր որակել, ըստ Էդուարդ Շարմազանովի, մեր ազգային արժեքներ են՝ Արցախի հարցում ազգային դիրքորոշումը, Ցեղասպանության ճանաչումը, ազգային ինստիտուտները՝ դպրոցը, եկեղեցին, բանակը, ընտանիքը և այլն:


Ինչ վարաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փչացրել, զրոյացրել է հայ-ռուսական հարաբերությունները: Նա իր ապաշնորհ քաղաքականությամբ հասավ նրան, որ մենք դարձել ենք մերժված ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ ամեն տեղ։ Փաշինյանը՝ որպես մանիպուլյատոր, փորձում է իր «ուսերից գցել» խնդիրն ու ներկայացնել, թե ՌԴ-ն դեմ է ոչ թե իրեն, այլ ժողովրդին: Մեր ժողովուրդներն իրար հետ խնդիր չունեն: Մեր դաշնակցի հետ խնդիրն ստեղծել է ինքն ու իր ապաշնորհ իշխանությունը, երբ դեռևս 2016-ին ասում էր, թե պատերազմը պայմանավորված էր և տեղի է ունեցել ՌԴ-ի համաձայնությամբ, երբ ասում էր՝ ԵԱՏՄ մտել ենք շանտաժով, և ԵԱՏՄ-ն Հայաստանի ադրբեջանացում է։ Այդ ամենն անհետևանք չի մնում»։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները նշում են, թե Թուրքիան ՀՀ-ի վրա չի հարձակվի, Շարմազանովն արձագանքեց.
«Նրանք չպետք է ստանձնեն Թուրքիայի փաստաբանի դերը: Եթե Թուրքիան չի էլ հարձակվի, ապա չի հարձակվի միայն մի պատճառով. դեռևս ընդդիմադիր եղած շրջանում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ակցիաներ էին անում հայ-ռուսական դաշնակցության դեմ, հակառուսականություն էին քարոզում, ես ասում էի՝ Հայաստանի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից մեկը, Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները՝ բացի մեր ազգային բանակից, նաև ռուսական 102-րդ ռազմաբազան է և մեր ներկայությունը ՀԱՊԿ-ում։ Իհարկե, Թուրքիան ևս սպառնալիք է»։

 

 

Արմինե Գևորգյան